ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ դաշտային գրասենյակների աշխատանքը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ ՄքԱլիսթերը։
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, արդյոք նա ապակառուցողական չի համարում Ադրբեջանի դիրքորոշումը, որը հանգեցրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը, նա պատասխանել է․ «Իհարկե Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ԵԱՀԿ-ի խնդիրն է , այլ ոչ թե ԵՄ-ի։ Բայց ես անձամբ շատ եմ ցավում, որ անհնար է եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի ժամկետը երկարացնելու հարցում՝ չնայած Գերմանիայի, հետո նաեւ Ավստրիայի ջանքերին։ ԵԱՀԿ ներկայությունը տեղերում կարեւոր գործիք է կազմակերպության սկզբունքները կյանքի կոչելու համար։ Ու ինչպես գիտեք ԵՄ-ն ամբողջովին աջակցում է այդ գրասենյակների աշխատանքը։ Մենք առավոտյան հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»։
Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը այս տարվա օգոստոսի 31-ին։ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ։ 2015-ին փակվել էր Բաքվի գրասենյակը, իսկ 2008-ից սպառվել էր Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը։