News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը պատվավոր ընդունելության է արժանացրել ջութակահար Արա Մալիքյանին: Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-ին Մալիքյանն Արգենտինայի մայրաքաղաքում ելույթ է ունենալու:

«Մալիքյանի կյանքը մշտապես դժվարությունները հաղթահարելու օրինակ է, օրինակ, որ ջանքերն արդյունք են տալիս»,- արարողության ժամանակ ասել է պատգամավոր Դանիել Պրեստին:

Մալիքյանն իր հերթին հիշել է, թե իր հայրը որքան է սիրում լսել Աստոր Պիացոլլայի տանգոն: Նա նույնիսկ չգիտեր՝ որտեղ է Արգենտինան, պարզապես, ըստ ջութակահարի, շատ էր սիրում այդ երաժշտությունը: Հարցին՝ որտեղի՞ց է, նա միշտ պատասխանում է. «Ես մի քիչ լիբանանցի եմ, հայ, իսպանացի եւ նավահանգստային քաղաքի բնակիչ»:

«Ինձ համար շատ կարեւոր է նվագել Բուենոս Այրեսում, քանի որ այստեղ երբեք չեմ նվագել, չնայած միշտ երազել եմ: Իհարկե՝ վաղուց շատ լավ գիտեմ արգենտինական երաժշտական մշակույթը, կոմպոզիտորներին, այստեղ շատ ընկերներ ունեմ»,- ասում է Մալիքյանը:

Արա Մալիքյանը լիբանանահայ ջութակահար է, ներկայում Իսպանիայում է բնակվում: Նա ավելի քան 20 ալբոմ է ստեղծել, ելույթ ունեցել աշխարհի ավելի քան 40 երկրներում: Նրա մանկությունն անցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին: Այդ մասին նա այսպես է հիշում. «Ռմբակոծությունների միջեւ դադարների ժամանակ մարդիկ ասում էին. խաղաղ օր ստացվեց, համերգ կազմակերպենք»:

15 տարեկանում նա Գերմանիայի կառավարությունից կրթաթոշակ է ստանում՝ Հանովերի երաժշտական դպրոցում սովորելու համար ու դառնում ամենաերիտասարդ աշակերտը: «Այս ջութակի շնորհիվ իմ ընտանիքն ասելու բան ունի: Համերգի ժամանակ ես պատմում եմ այդ պատմությունը»,- ընդգծում է Մալիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ