News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախում հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել: 21-ամյա Արմեն Ռաֆիկի Հարությունյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր, ծառայության էր անցել 8 ամիս առաջ: Արմեն Հարությունյանն իրենից փոքր եղբայր ունի:

Երիտասարդ զինծառայողը վերջերս էր նշանվել: Հաթերքի համայնքապետը մեր թղթակցին պատմել է, որ Արմենն ու հայրը նույն զորամասում էին ծառայում, Հարությունյանների ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում:

Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի կառավարությանը հնարավորություն տալ՝ իրականացնել սկսած ծրագրերը: Էդուարդ Շարմազանովն ասել է՝ ընդհանուր առմամբ գոհ են Կարապետյանի կաբինետի աշխատանքից: Երեկ ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարների մեծ մասը վերանշանակվել է պաշտոններում: Փոփոխություն կա միայն արդարադատության նախարարությունում. Արփինե Հովհաննիսյանը պաշտոն է ստանձնել Ազգային ժողովում, նրան էլ փոխարինեց Դավիթ Հարությունյանը: Նա, ի դեպ, այս նախարարությունը ղեկավարել է նաեւ 1998-2007 թվականներին: Այս պահին դեռեւս նշանակում չի եղել կոալիցիոն քվոտայով ՀՅԴ-ին հատկացված երեք պորտֆելներում: Թափուր են նաեւ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:

Այսօր մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի գործով առաջին դատական նիստը: Դատարան եկածները ծափերով ու «Ազատություն քաղբանտարկյալներին» վարկարկումներով են դիմավորել Սեֆիլյանին: Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց, սակայն, աղմուկ է բարձրացել: Նիստը անցկացվել է դատարանի ապակեպատ սրահում, իսկ դահլիճում նստածները չեն կարողացել լսել դատավորին ու փաստաբաններին եւ վրդովվել են: Դատական առաջին նիստը, ամեն դեպքում, հետաձգվել է: Պարզաբանել են, որ ոչ բոլոր փաստաբաններն են ներկա: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը մինչեւ 10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Միջադեպ է տեղի ունեցել նաեւ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով նիստի ընթացքում: Փոստանջյանը ներկայացրել է հայցադիմումը, սակայն դատավորն ընդհատել է: Փոստանջյանն էլ անմիջապես արձագանքել է՝ դատարանը պատվեր է կատարում: Նրան օգնության է հասել համակիրներից մեկը: Դատարանը որոշել է դահլիճից դուրս հրավիրել կնոջը, բայց վերջինը չի ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն է սկսվել Փոստանջյանի համակիրների ու դատական կարգադրիչների միջեւ, դատական նիստն էլ ընդմիջվել է:

Վրաստանի հետ սահմանային միանգամից երկու անցակետեր զրկվել են մաքսային ծառայության ղեկավարներից: Կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա»-ի մաքսակետի պետը: Այս գործով նաեւ մաքսային միջնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրեն է ձերբակալվել: Աշխատանքից ազատվել է նաեւ «Բագրատաշեն»-ի մաքսակետի պետը: Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նա ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ամերիկյան Կոնգրեսում նույնիսկ հատուկ լսումներ են կազմակերպվել: Կոնգրեսականները շեշտում են Էրդողանի թիկնապահների գործողություններին կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը: Օրենսդիրներից մեկը նույնիսկ առաջարկել է Թուրքիայի նախագահին արգելել ԱՄՆ այցելել:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանի այցի դեմ խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում բախումներ էին գրանցվել ցուցարարների եւ Էրդողանի կողմնակիցների միջեւ: Թուրքայի նախագահի թիկնապահները հարձակվել էին ցուցարարների վրա, 11 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, տուժել է, երկու անձ կալանավորվել է: Ամերիկյան լրատվամիջոցներում ծեծկռտուքը հրահրողների լուսանկարներն են հրապարակվել, անուններ են նշվել:

Մինչ այդ, Եվրոպայում սկանդալի կենտրոնում է հայտնվել Միացյալ Նահանգների նախագահը: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող Դոնալդ Թրամփը կոպիտ եւ անհարգալից հրել է Չեռնոգորիայի վարչապետին՝ լուսանկարվելիս երկրների եւ կառավարությունների առաջնորդների առաջին շարքում կանգնելու համար: Դրանից հետո ԱՄՆ նախագահն ուղղել է պիջակն ու պաշտոնական տեսք ընդունել: Դուշկո Մարկովիչը նախ անակնկալի է եկել ու ապշել նման վերաբերմունքից, բայց ավելի ուշ լրագրողներին ասել է, թե չի էլ նկատել՝ ինչպես է Թրամփը հրել իրեն: Ասում է՝ սոցցանցերում է տեսել կատարվածի արձագանքը:

Ֆրանսիայում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով հայեր են զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Մարսելում: Չորս հարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել, ընտանիքի անդամներից Արսեն Քոչարյանը շտապել է հարեւանին օգնելու: Այդ ընթացքում, սակայն, նրա ընտանիքի մյուս անդամները՝ Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինն ու երեխան մահացել են: Արսեն Քոչարյանն այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Արտգործնախարարության տեղեկացմամբ՝ Քոչարյանները Հայաստանի քաղաքացի էին:

Հայաստանի դպրոցներում այսօր նշեցին ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը: Հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի 29.642 շրջանավարտ ունեն, ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 19.618 շրջանավարտ: Դպրոցների մեծ մասում այսօր տոնական միջոցառումներ են կազմակերպվել, մի քանի կրթօջախներում, սակայն, «վերջին զանգ» չի հնչել. շրջանավարտներ չունեն: Արդեն երեկոյան Ազատության հրապարակում «Վերջին զանգ»-ի առիթով ավանդական տոնական համերգն է կազմակերպվել: Բայց շրջանավարտները դեռ լուրջ անելիք ունեն. հունիսի 2-23-ին ավարտական եւ պետական ավարտական քննություններն են:

Ամերիկյան արժույթի արժեզրկումը չի դադարում, թուլացել են նաեւ ռուբլին եւ ֆունտը: Դոլարի փոխարժեքն այսօր արդեն կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:

Մայիսի 27-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ