News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարիներ առաջ համացանցում երկու հայուհիների լուսանկար տարածվեց ու արագորեն հայտնի դարձավ: Այն մեկ դար առաջ իրարից բաժանված մոր եւ աղջկա ճակատագրի պատմության մասին է: Նկարում երկու երիտասարդ հայ կանայք են, որոնք Ցեղասպանության ժամանակ հայկական ինքնապաշտպանական ջոկատներից մեկում են եղել: Այդ կանանցից մեկն էլ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի նախատատն է՝ Եղիսաբեթ Յազիջյանը:

Այդ լուսանկարի շնորհիվ երաժիշտը գտել է Հայաստանում բնակվող ազգականներին, նրանց միջոցով էլ՝ նախատատի շիրիմը: Այս օրերին Դերեք Շերինյանը Երեւանում է: «Ավրորա 2017»-ի միջոցառումներին մասնակցելու համար երաժիշտն այս օրերին Հայաստանում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դերեք Շերինյանի հետ NEWS.am-ի զրույցը:

Եթե չեմ սխալվում, Դուք սկսեցիք Հայաստան այցելել, երբ վերամիավորվեցիք այստեղ բնակվող ձեր ազգականների հետ, որոնց գտաք հայտնի լուսանկարի շնորհիվ: Կմանրամասնե՞ք:

Ըստ էության՝ ես սկսել եմ Հայաստան այցելել դեռ մինչեւ բարեկամներիս գտնելը: Ես այստեղ մի քանի անգամ համերգով եմ հանդես եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ: Այո՛, պարբերաբար համացանցում տեղադրում էի իմ նախատատի հայտնի լուսանկարը: Այդ օրն էլ «Ֆեյսբուքում» տեղադրեցի այդ լուսանկարը եւ հաջորդ օրը նամակ ստացա մի կնոջից: Նա գրել էր, որ հնարավոր է՝ իմ զարմուհին է, եւ որ այդ լուսանկարի վրա պատկերված կինն իր տատն է: Որոշ ժամանակ զրուցելուց հետո հասկացա, որ նա իսկապես իմ բարեկամն է: Ասաց, որ իմ նախատատի գերեզմանն այստեղ է՝ Երեւանում: Մենք հաջորդ օրը հանդիպեցինք, այցելեցինք շիրիմին: Ես նույն օրը վերադառնալու էի ԱՄՆ, եւ հրաշք էր, որ իմ մեկնելու վերջին օրը գտա ընտանիքս: Հիմա ամեն անգամ Հայաստան գալիս հանդիպում ենք:

Ձեր բարեկամների հետ վերամիավորումը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

Պարզապես հաճելի է իմանալ, որ ընտանիք ունեմ աշխարհի մյուս ծայրում եւ, չնայած ես նախկինում երբեք չեմ հանդիպել այդ մարդկանց, մեր միջեւ կա սեր ու կապվածություն: Հրաշալի է, որ կարող եմ գալ այստեղ եւ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այդ լուսանկարը, որ այդքան տարի պահպանել եւ տարածել եք համացանցում:

Շատ խոսուն լուսանկար է յուրաքանչյուրի համար, եթե հայ ես ու տեսնում ես լուսանկար, որտեղ պատկերված է մի կին, որը ճարահատյալ կռվի է դուրս եկել: Դա բավական ծանր է կնոջ համար: Այդ լուսանկարն իմ ընտանիքի հետ է եղել տարիներ շարունակ, այն շատ մեծ իմաստ ունի ինձ համար: Մենք միշտ փորձել ենք իմանալ, թե ինչ է կատարվել իմ նախատատի հետ: Այնպես որ, երբ գտա նրա գերեզմանը, շատ ուրախացա:

Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Ձեր ինքնությունը:

Պարզապես շատ հպարտ եմ իմ ժառանգությամբ եւ, լինելով հայ, ես սիրում եմ գալ այստեղ: Երկիրը միշտ շատ ջերմ է, մարդիկ միշտ շատ ջերմ են ինձ ընդունում: Դա ես եմ:

Այն ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր երաժշտության վրա:

Կարծում եմ՝ հայերը շատ ուժեղ են: Մենք տոկուն ազգ ենք, չենք ընկրկում: Դա շատ հզոր նշանակություն ունի ինձ համար, եւ ես դա փորձել եմ վերարտադրել իմ երաժշտության մեջ: Միշտ մտածել եմ այն պայքարի մասին, որի միջով իմ նախատատը ստիպված է եղել անցնել եւ մնալ ուժեղ, եւ դա ինձ էլ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մենք ուժեղ ենք, եւ դա միշտ օգնում է ինձ կյանքում:

Հայտնի Keyboard ամսագիրը Ձեզ անվանել է «Նոր սերնդի ստեղնաշարի հերոս»: Դուք աշխատել եք աշխարհի լավագույն ռոք երաժիշտների եւ խմբերի հետ, համագործակցել եք Dream Theatre-ի հետ: Ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը: Ի՞նչն է հիմնական դեր խաղացել Ձեր հաջողության գործում:

Կարծում եմ, որ վճռականությունը եւ սերն այն գործի հանդեպ, որ անում ես: Ես միշտ հետեւողականորեն հավատարիմ եմ եղել իմ գործին եւ երբեք չեմ հրաժարվել: Եվ ես կասեի դա յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնալ երաժշտության ճանապարհով կամ ցանկացած բնագավառում. եթե իսկապես սիրում եք այն, ինչ անում եք, եւ իսկապես ջանք եք գործադրում ու համբերատար եք, հավատարիմ այդ գործին, ապա ինչ-որ պահի ինչ-որ լավ բան անպայման կլինի: Կարող է լինել ավելի արագ որոշ մարդկանց պարագայում, եւ կարող է տեւել երկար ժամանակ, բայց, ի վերջո, կհասնեք հաջողության:

Ի՞նչ է ստեղնաշարը Ձեզ համար: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ գործիքը:

Պարզապես դա ես եմ: Ես սկսեցի դաշնամուրից, որ իմ ծնողների տանն էր, հետո անցա ստեղնաշարի:

Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները կյանքում: Պահանջկո՞տ եք ինքներդ Ձեր հանդեպ:

Այո՛, պահանջկոտ եմ: Ես մեծ ակնկալիքներ ունեմ իմ կատարումներից, ես նաեւ պահանջկոտ եմ այն մարդկանց հանդեպ, որոնց հետ աշխատում եմ: Ակնկալում եմ, որ նրանք աշխատեն այնքան, որքան ես, եւ կարծում եմ, որ դա կարեւոր է:

Ի՞նչ կմաղթեիք երիտասարդ երաժիշտներին:

Ինչպես արդեն ասացի՝ հետեւողականորեն շարունակել անել իրենց գործը: Եթե իսկապես սիրում ես այն, ինչ անում ես, եւ հավատում ես ինքդ քեզ, ապա մնա գործիդ մեջ եւ անպայման նվագիր այն ոճի մեջ, որը քեզ հոգեհարազատ է, կատարիր այն երաժշտությունը, որ սիրում ես: Դա կարեւոր է:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ