News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Այս մասին ասված է Առաջին հանրապետության առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ նշվում է.

«Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած եւ հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին եւ ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ հիշեցնում են հայկական զորամիավորումների եւ մարտի դաշտ դուրս ելած ժողովրդի հերոսական ոգին, հայրենիքը պաշտպանելու միասնական կամքը: Գեւորգ Ե Հայրապետի վեհապանծ եւ ոգեւորիչ խոսքով քաջալերված եւ հաղթանակի անսպառ հույսը շաղախած Սուրբ Էջմիածնի աստվածականչ զանգերի թնդյուններին՝ հայ զորականները, հոգեւորականներն ու աշխարհականները իրենց պայքարը պսակեցին հաղթանակներով, որոնց պտուղը եղավ առաջին Հանրապետության հռչակումը:

Սիրելինե՛ր, մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին մասնակից հերոսների, ներկայիս Հանրապետությունը ժառանգությունն է այդ քաջ մարտիկների հայրենանվեր գործերի: Այս ամենը մեզ մղում է անցյալի փորձառությամբ պարտավորեցնող միասնականության, նախանձախնդրության ու նվիրումի՝ զորացնելու ու շենացնելու մեր երկիրը եւ կերտելու խաղաղ կյանքը մեր ժողովրդի:

Աղոթում ենք, որ Ամենազոր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց՝ արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը:

Տպել
Ամենաշատ