News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ուղերձում նշվում է հետեւյալը. «Հայոց պատմության մեջ չի եղել տեւական մի ժամանակաշրջան, երբ վտանգված չլինեն մեր հինավուրց պետության գոյությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Դարեր շարունակ մենք գոյության պայքար ենք մղել՝ հանուն մեր հայրենիքի, հանուն ազատ, անկախ ապրելու մեր իրավունքի:

Պարտվել ենք, երբ ազգի բովանդակ ուժերը միավորելու փոխարեն ապավինել ենք այլոց դատին՝ արդարություն ակնկալելով: Եվ հաղթել ենք, երբ ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք մեր ազատությունը՝ կողք կողքի կանգնած, ուս ուսի տված, մի բռունցք, մի սիրտ ու հոգի դարձած պարտության մատնելով թշնամուն:

Հայոց միասնության, հայոց ոգու անպարտելի ուժի մասին են վկայում նաեւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, երբ մեր ժողովուրդը, ցեղասպանության թարմ եւ արյունոտ վերքերից դեռեւս չապաքինված, զարկված ու զրկված, զինվեց ու դուրս եկավ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք մայիսի 15-ին մտել էին Ալեքսանդրապոլ եւ այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա եւ Սարդարապատի ուղղությամբ դեպի Երեւան՝ Հայաստանի եւ համայն հայութան սիրտը: ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ սա էր օրվա հրամայականը: Եվ հայ ժողովուրդը կատաղի մարտերում նվաճեց իր ազատությունը՝ մահվան դատապարտելով թշնամուն:

«Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարեց անկախ պետություն եւ ստանձնեց իշխանության պատասխանատվությունը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին» (հետագայում՝ խայտառակ պարտությունը հիշելիս, թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է. «...Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»)։

Սիրելի´ հայրենակիցներ, եկե´ք ուրեմն հավատանք մեր գենի զորությանը, սիրե´նք ու պաշտպանե´նք միմյանց, մեր հող հայրենին՝ դառնալով հայոց նորանկախ պետությունների եւ մեր ժողովրդի հավերժության երաշխավորը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ