News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։

Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային համագործակցության գերմանական ընկերության Հայաստանի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Հրաչիկի Պողոսյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալպիկ Ռաֆաելի Մկրտչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Նախագահը հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար Ռուբեն Պետիկի Գեւորգյանին (ԱԺ նախկին պատգամավոր Ծաղիկ Ռուբո-խմբ.) պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի «Սարտիս-Գլորիա» ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Սամսոնի Սարուխանյանին պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Երախտագիտության մեդալով պարգեւատրվել են բարերար Սարո Խոդավերդին (Իտալիա), «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ատենադպիր Հայրապետ (Հայկ) Լեփեջյանը (Ավստրալիա), ժողովրդական նվագարանների վարպետ Սերգեյ Կոնստանտինի Սադոեւը, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների ընկերակցության» նախագահ Անտուան Բաղդիկյանը (Ֆրանսիա), Ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ասոցիացիա» ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը (Լիբանան), բարերար Բյուզանդ Գեորգի Գեորգյանը (Լիբանան),  Յուրի Սուրենի Չանչուրյանը, Քուվեյթի եւ Ծոցի երկրների թեմական ժողովի ատենապետ Հարություն Բեդիրյանը (Քուվեյթ), Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Արմենակի Մակարյանը,  «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն Հարություն Բորիսի Մնացականյանը եւ այլք։

Մովսես Խորենացի մեդալով պարգեւատրվել են բարերար Վահե Վարդ Գաբրաշը (Շվեյցարիա), Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը (Իրան), Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Հրաչյայի Թոքմաջյանը (Սիրիա),  դիրիժոր Ռազմիկ Օհանյանը (Իրան), Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Սարգսի Գոչունյանը (Թուրքիա) եւ այլք։

Իսկ Իրաքի հայ համայնքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Գուրգեն Մելքոնյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվել են նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները (Գերմանիա), Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանը։

Տպել
Ամենաշատ