Հոնդուրասի մարզադաշտում ֆուտբոլի խաղից առաջ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 4-ի, 15 վիրավոր կա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի եւ 17 տուժածի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել «Մոտագուա» եւ «Հոնդուրաս Պրոգրեսո» թիմերի միջեւ սեզոնի եզրափակիչ խաղի ժամանակ։
Խաղը դիտել ցանկացող հարյուրավոր երկրպագուներ, չկարողանալով տոմսեր ձեռք բերել, փորձել են մտնել 35 հազար հանդիսատեսի համար նախատեսված Տեգուսիգալպե մարզադաշտ:
Տեղի հիվանդանոցի ներկայացուցիչ Միգել Օսորիոյի խոսքով՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել։ Դրանից հետո բազմությունը սկսել է փախչել՝ ոտնատակ տալով մի քանի մարդու։ Երկուսը վախճանվել են դեպքի վայրում, եւս երկուսը՝ հիվանդանոցում։