«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ տարաձայնություններ չկան, խնդիրները հարթված են: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Բազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ կառուցողական աշխատանք «Ծառուկյան» դաշինքում: Ամեն ինչ կարգին է մի անհանգստացեք», - ասաց նա:
Իվետա Տոնոյանը չբացառեց, որ մանդատից հրաժարված «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների փոխարեն պատգամավոր կդառնան Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը:
«Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո Նաիրա Զոհրաբյանը կուսակցությունից հեռացրել էր Գեւորգ Պետրոսյանին՝ իրեն քննադատելու համար: Գեւորգ Պետրոսյանը դա համարում էր անօրինական որոշում եւ սպառնում էր դատի տալ Նաիրա Զոհրաբյանին: Նրանց հարաբերությունները խիստ լարված էին եւ անգամ մամուլում նրանք վիրավորանքի խոսքեր էին հնչեցնում միմյանց հասցեին:











