News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի եւ իր իրանցի պաշտոնակից, Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկել են երկու երկրներում ներդրումները, առեւտրաշրջանառությունը խթանելու գործնական քայլերը եւ առաջացած խնդիրները։

2016 թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպոյից» հետո սննդի, շինանյութի, ոսկեգործության, զբոսաշրջության, տեքստիլ ոլորտի 18 ընկերություններ եւ բանկեր բանակցություններ են վարում հայկական ապրանքների եւ ծառայությունների արտահանման ուղղությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը բարձրացրել է ցուցահանդեսից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդիրը։ «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավականին բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»,-նշել է Արմեն Ա. Ավակյանը։

ՀԶՀ Արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած եւ խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը. հիմնականում սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։

«Հիմա ես այստեղ եմ եւ պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում եւ Հայաստանում նոր ներդրումներ անելու եւ առեւտրի ծավալները մեծացնելու համար»,- նշել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը։

Իրանցի պաշտոնակցի առաջարկով ՀԶՀ գործադիր տնօրենը ներկայացրել է մեր երկրի արտահանման եւ ներդրումային հեռանկարներ ունեցող ոլորտները՝ ՏՏ, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում, տեքստիլ, ոսկերչություն։

Հանդիպմանը շոշափվել է նաեւ մեր երկրից դեպի Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100 տոկոսից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։

Իրանական կողմի առաջարկով ՀԶՀ-ն կաջակցի Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ա. Ավակյանը եւ Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը համագործակցությունն ակտիվացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով պայմանավորվել են աջակցել երկու կողմերի գործարարներին՝ Հայաստանում եւ Իրանում գործունեություն ծավալելիս։

Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջը հայաստանցի պաշտոնակցին աշխատանքային այցով հրավիրել է Իրան, առաջարկն ընդունվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ