News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախում այսօր հակառակորդի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Ալիկ Ավանեսյանն աջ ազդրի ստորին հատվածում միջանցիկ վիրավորում է ստացել: Զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում է: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: Ավանեսյանին առայժմ չեն կարող Երեւան տեղափոխել:

Միաժամանակ, Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե, իբր, Արցախի պաշտպանության բանակի կրակակետ են ոչնչացրել: Ավելին, այս ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Հին ավանդույթները նոր խորհրդարանում շարունակվում են: Խոսքն ուրիշի փոխարեն քվեարկելու մասին է: Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների քվեարկության ժամանակ նիստերի դահլիճում խառնաշփոթ է սկսվել: Փաշինյանը նկատել է, որ Հանրապետական պատգամավորների շարքում բացակայողներ կան, բայց քվեարկել են բոլորը:

Վահրամ Բաղդասարյանը փորձել է բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Բացատրությունը Փաշինյանին չի գոհացրել: Նիստը նախագահող Արա Բաբլոյանին երկար ժամանակ չի հաջողվել հանդարտեցնել ընդդիմադիր պատգամավորին: Ի վերջո Փաշինյանը զիջել է. փաստը հիմա կարձանագրեն, հետո խնդիրը կքննարկեն Էթիկայի հանձնաժողովում:

Փաշինյանն ակտիվ է եղել նաեւ քվեարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ: Պատգամավորը կարծում է, որ Քննչական կոմիտեում աշխատած, այնուհետեւ դատախազության համակարգ տեղափոխված ծառայողներին երկարամյա կենսաթոշակի անցնելու դեպքում արտոնյալ պայմաններ են տրվում: Փաշինյանը կարծում է, որ այստեղ դեր ունի Աղվան Հովսեփյանի գործոնը: Գեւորգ Կոստանյանը, սակայն, վստահեցնում է, որ խտրականության կամ արտոնյալ պայմանների մասին խոսք լինել չի կարող: Եթե որեւէ մեկը կարողանա ապացուցել այս կարծիքը, Կոստանյանը հրապարակային ներողություն կխնդրի:

Խորհրդարանի միջանցքներում էլ լրագրողների ուշադրության կենտրոնում էին «Ծառուկյան» դաշինքի նոր պատգամավորները: Գեւորգ Պետրոսյանը հաստատել է, որ հաշտվել է Նաիրա Զոհրաբյանի հետ, բայց նաեւ չի հերքել լրագրողների դիտարկումը, որ ժամանակին հրապարակային հայտարարություններ է արել Զոհրաբյանի մասին: Անձնական թշնամություն, սակայն, վստահեցրել է Պետրոսյանը, իրենց միջեւ չկա:

Ինտրիգներ չփնտրելու կոչ է արել նաեւ խմբակցության մյուս նորեկը՝ Նորա Առուստամյանը: Լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Առուստամյանը Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերոջ դուստրն է, բացի այդ, խորհրդարանական ընտրություններին նրա հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, կես միլիոն դոլար է ծախսել ու այդպիսով խորհրդարանում դստեր համար տեղ ապահովել: Նորա Առուստամյանը հերքել է այս լուրերը:

Ազգային ժողովի այս արտահերթն ավարտվեց, կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերն ընդունվեցին: Եվս մեկ արտահերթ նիստ կգումարվի հունիսի 8-ին: Մինչ այդ, կառավարության կազմն ամբողջացել է: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով վերանշանակվել են նաեւ մյուս նախարարները:

Հայաստան հազիվ թե Եվրոպայից ներդրումներ գան, քանի դեռ երկիրը չի լուծել դատարանների անկախության եւ կոռուպցիայի խնդիրները: Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին, միաժամանակ, նշել է, որ թեեւ 2013 թվականին Երեւանը նախապատվությունը ԵՏՄ-ին տվեց, ամեն դեպքում, Եվրամիությունը կշարունակի աջակցել: Դեսպանը հույս ունի, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի:

Ինչ վերաբերում է վիզայի ազատականացմանը. հարցը դեռ օրակարգում է, բայց մոտ ապագայում Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի հնարավորության հույս ունենալ պետք չէ: Դեռ մի շարք բաց հարցեր կան, որոնք դժվարացնում են գործընթացը: Եվրամիությունում նաեւ ակնկալում են, որ Հայաստանում վերջապես կընդունվի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը: Հարցին անդրադարձ է եղել նաեւ Բրյուսելում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպման ժամանակ:

Երեւանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հորն ու փախուստի դիմել: 59-ամյա Ալբերտ Ջավահիրյանը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Նա կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերք ունի: Միջադեպը տեղի է ունեցել երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության արդյունքում: Տղամարդը 2 տարի առաջ ամուսնալուծվել է կնոջից: Երկու երեխաների՝ տղայի եւ աղջկա խնամակալությունը դատարանը մորն է հանձնել: Տեսակցությունների շուրջ, սակայն, մշտապես տարաձայնություններ են առաջացել: Դանակահարվածի հարազատներից մեկը մեր թղթակցին պատմել է, որ հայրն ուզում էր ինքը ստանձնել որդու խնամակալությունը, բայց մայրը չի համաձայնել: Տղամարդը մի անգամ նույնիսկ առանց զգուշացնելու երեխային տարել է մանկապարտեզից, հետո վերադարձրել էր: Կասկածյալին որոնում են:

Վանաձորում վերելակի հորանն ընկած երեխայի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, բայց վիճակը դեռեւս ծանր է: Աղջկան Երեւան են տեղափոխել: 14-ամյա Լուսինե Զաքարյանը կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում ունի: Լուսինեի հետ է եղել նաեւ ընկերուհին, նա դեպքի մասին մանրամասներ է պատմել:

Պատահարի հանգամանքները պարզելու համար պատրաստվում են հատուկ հանձնաժողով ստեղծել: Մինչ այդ, սակայն, Վանաձորի քաղաքապետը տեղեկացրել է, որ վթարված վերելակը 5 ամիս առաջ է փորձաքննության ենթարկվել, որեւէ խափանում չեն հայտնաբերել:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հերքել է տեղեկությունները, թե հեռանալու է Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ու ընդհանրապես Հայաստանից: Այսօր նա լրագրողներին վստահեցրել է, որ չափազանց հայրենասեր է Հայաստանից հեռանալու համար, իսկ լրատվամիջոցներում նման լուրեր տարածողներն իր դեմ պատվեր են կատարում:

Նա անդրադարձել է նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքին՝ նշելով, որ դրանում ոչ մի սկանդալային բան չկա: Երբեք չի թաքցրել, որ վստահելի գնորդ գտնելու դեպքում կվաճառի երկար տարիներ իրեն պատկանող ակումբը: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի «Փյունիկ»-ը գնել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա պատրաստվում է փոփոխություններ անել ակումբում: Ամենայն հավանականությամբ, շուտով կփոխվի ակումբի անունը, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ: Արթուր Սողոմոնյանը նույնպես խոստացել է առաջիկայում հանդիպել լրագրողների հետ ու ակումբի ապագայի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել:

Այս տարի Հայաստանում հուլիսին եւ օգոստոսին բավական շոգ կլինի: Պատճառն Արաբական թերակղզուց ներթափանցող տաք հոսանքներն են: Ջերմաստիճանը հանրապետության որոշ հատվածներում կարող է նույնիսկ +42-ի հասնել: Իսկ մայիսի 29-ին Մոսկվայում մոլեգնած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի: Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ փոթորկաբեր քամին արդեն Սիբիր է հասել: Առաջիկա օրերին հանրապետությունում, հիմանականում երեկոյան ժամերին, կարող է ամպրոպ եւ քամու ուժգնացում դիտվել, բայց նման փոթորիկ մեր օդերեւութաբանները չեն կանխատեսում:

Դոլարն ու եվրոն նորից սկսել են թանկանալ: Արդյունքում մայիսի 31-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 539, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 617 դրամ:

Հունիսի 1-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ