News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մանչեսթերի ահաբեկչությունից կարճ ժամանակ անց հարձակումներ են իրականացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Լոնդոնի կամրջի վրա սպիտակ միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել անցորդներին, իսկ հետո մեծ արագությամբ շարժվել դեպի Բորո շրջանում գտնվող շուկայի տարածք: Այստեղ դանակով զինված երեք տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել մարդկանց վրա:

Սքոթլենդ Յարդի տեղեկացմամբ՝ տղամարդիկ մահապարտի գոտիներով են եղել, բայց ավելի ուշ պարզվել է, որ դրանք կեղծ են եղել: Վերջին տվյալներով՝ հարձակումների հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 տուժածներ հիվանդանոցներում են: Նրանց թվում 4 ֆրանսիացի կա, որոնցից մեկի վիճակը ծանր է, ինչպես նաեւ առնվազն 2 ավստրալացի:

Որոշ տեղեկություններով՝ հարձակվողներին գնդակահարել են: Բրիտանական մայրաքաղաքի արեւելյան Բարքինգ շրջանում, որտեղ բնակվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը, հատուկ գործողություն է իրականացվել: Ականատեսները պատմել են, որ բնակելի տներից մեկից գլխաշորով կանանց են դուրս բերել: Իրավապահներն իրենց հերթին հայտնել են 12 ձերբակալվածի մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ իրականացված ահաբեկչության հետեւանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, 78 մարդ էլ վիրավորվել է:

Ութ պետություններ՝ ընդդեմ Կատարի: Այսօր առավոտյան արաբական չորս երկրներ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Ավելի ուշ նրանց միացան նաեւ Լիբիան, Եմենը, Մավրիկին եւ Մալդիվյան հանրապետությունը:

Այս երկրները Կատարի դիվանագետներին եւ քաղաքացիներին հաշված օրեր են տվել հեռանալու համար, իրենց քաղաքացիներին էլ կոչ են արել հնարավորինս արագ հեռանալ Կատարից: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ դադարեցվում է Կատարի մասնակցությունը Եմենում ռազմական գործողությանը: Որպես հիմնավորում նշվում է «Դոհայի կողմից «Ալ Քաիդա»-ի եւ «Իսլամական պետության» զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը»:

Կատարի եւ հարեւանների միջեւ կոնֆլիկտը ծագել է Էր Ռիադում Պարսից ծոցի երկրների եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ գագաթնաժողովից մեկ շաբաթ անց: Կատարի պետական լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ուղերձ էր տեղադրել Իրանի հետ հարաբերություններ հաստատելու օգտին: Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գործակալության կայքը կոտրել են, եւ էմիրի անունից հայտարարությունը հրապարակել են հաքերները: Բայց արաբական պետություններն այս հերքումը համոզիչ չեն համարել:

Լարվածությունն օրվա ընթացքում աստիճանաբար աճեց. Կատարի բորսայի գլխավոր ինդեքսը 8 տոկոսով անկում է գրանցել, վեց ավիաընկերություններ էլ հայտարարել են դեպի Դոհա չվերթները դադարեցնելու մասին: Կատարցիները պարենի դեֆիցիտ են կանխատեսում եւ սկսել են սննդամթերք ու ջուր պաշարել: Ականատեսները պատմում են, որ խանութներն արագորեն դատարկվում են:

Սեւանա լճում երկու ձկնորսներ ջրահեղձ են եղել: Նրանց դիերը գտել են: 59-ամյա Սուրիկ Ասմարյանն ու 62-ամյա Կոլյա Սիմոնյանը Ծովագյուղի բնակիչներ էին, ազգականներ, լիճ էին գնացել խեցգետնի որսի: Ձկնորսությունը, սակայն, Ասմարյանի հիմնական զբաղմունքը չէր. նա հացի արտադրամաս ուներ, Կոլյա Սիմոնյանն էլ մատուցող էր աշխատում: Սիմոնյանի դին Փամբակ գյուղին հարակից ափից շուրջ 2 կմ հեռավորությամբ հայտնաբերել էին հունիսի 3-ին, ձկնորսական ցանցին փաթաթված, հաջորդ օրը գտել են նաեւ Ասմարյանի մարմինը:

Վանաձորում 22-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել, բայց նախ որոշել է այդ մասին հայտնել բոլորին: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում հայտարարել է մտադրության մասին, բայց չի հասցրել իրագործել. մտերիմները դիմել են իրավապահ մարմիններին: Որոշ տեղեկություններով՝ տղան տանը կից անասնագոմում փորձել է կախվել, բայց չի հասցրել: Իրավապահների տվյալներով՝ երիտասարդը Երեւանի բնակիչ է, մասնավոր այցով էր Վանաձոր գնացել:

Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցների պատճառը պարզել են: Մայիսի 29-ի երեկոյան բնակչուհին ոստիկանություն էր զանգահարել՝ հայտնելով, որ մի անծանոթ տղամարդ հրացանով կրակում է իրենց դռանն ու պատուհանին: Իրավապահները շենքի բակում եւ բնակարանի մուտքի մոտ որսորդական հրացանի պարկուճներ էին հայտնաբերել: Հիմա պարզել են, որ բնակարանատերերի որդին նույն օրը մի աղջկա հետ փախել է: Հայտնի է, սակայն, որ աղջիկն իր կամքով է հեռացել երիտասարդի հետ, նույնիսկ գրություն է թողել տանը: Բայց զայրացած հայրը՝ 52-ամյա Սամվել Միքայելյանը, գնացել է տղայի տուն ու սկսել կրակել: Դեպքից կարճ ժամանակ անց Միքայելյանին հայտնաբերել են Մալաթիայի այգիներից մեկում: Նա ոստիկաններին է ներկայացրել կնոջ անվամբ հաշվառված որսորդական հրացանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանում անցկացված ընկերական խաղում 5։0 հաշվով հաղթեց Սենթ Քիթսի եւ Նեւիսի թիմին: Հիմա Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը պատրաստվում է հունիսի 10-ին Պոդգորիցայում անցկացվելիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնութան ընտրական խաղին: 5:0 հաշվով հաղթանակն ամենախոշորն է ազգային հավաքականի տնային հանդիպումներում: Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության առաջին գլխավոր մարզիչը, որն ազգային թիմում մեկնարկում է 3 անընդմեջ հաղթանակով: Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղում երկու գոլ խփեց եւ բարելավեց իր ռեկորդն ազգային թիմում՝ 22 գոլ: Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը, իսկ նորամուտը նշեցին Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը:

Մադրիդի «Ռեալ»-ն էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուս»-ին եւ 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Արքայական թիմը դարձավ Չեմպիոնների լիգայի դարաշրջանում տիտղոսը պաշտպանած առաջին ակումբը: Զինեդին Զիդանն էլ նման հաջողության հասած առաջին մարզիչն է: Մադրիդում երկրպագուները ցնծությամբ են դիմավորել «Ռեալ»-ին:

Դոլարը, եվրոն ու ռուբլին ամրապնդում են դիրքերը: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 543, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Հունիսի 6-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ