Լոռու մարզի Արջահովիտ գյուղի  տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է ամբողջ տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արջահովիտի գյուղապետ Մհեր Մինասյանը:

«Ամբողջ տունը կահույքով այրվեց, տանը կից մի տնակ էլ ունեն, ամառային խոհանոցի պես բան ա, էնտեղ կապրեն, մինչեւ որ իրենց տան հարցը լուծվի»,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ հրդեհը շատ կարճ է տեւել. «Հնարավոր չէր մոտենալ, ամեն ինչ վառվեց, տունն էլ, գույքն էլ, ոսկեղեն էլ»:

Գյուղապետը նշեց, որ այս պահին արդեն մարզպետարանում է եւ զբաղվում են  գյուղացիների տան հարցով:

Նշենք, որ այն  ինքնաշեն տնակ էր, որը ստացել են երկրաշարժից հետո: Տանը ապրում են ամուսինները եւ ամուսնու տարեց մայրը:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, ասաց՝ նախնական ենթադրություններով հոսանքալարերի հետ է խնդիր եղել:

Ավելի վաղ գրել էինք, որ Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում եւ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Տնակներից եւ ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել է՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։

Զոհեր եւ վիրավորներ չկան: