News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում մամուլն անընդհատ գրում է իր ու վարչապետի միջեւ լարվածության, ինչպես նաեւ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ հակասությունների, հակամարտության մասին լուրերը մտացածին են, իսկ երկրում եւ Հանրապետական կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է տիրում: Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ Կարեն Կարապետյանն արդեն երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, բայց մերժում է ստացել: Բացի այդ, նշվում է, թե Հանրապետական կուսակցությունում արդեն որոշել են. 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանն է զբաղեցնելու:

Հանրապետության տարածքում այսօր ուժեղ քամի է մոլեգնել: Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացել Երեւանից ու Էջմիածնից: Տանիքներ են վնասվել, ջերմոցներ, ծառեր են շրջվել, ուժեղ քամին նաեւ էլեկտրահաղորդման գծեր է վնասել: ՀԷՑ-ի տեղեկացմամբ՝ «Հայրենիք» ենթակայանի վնասվելու հետեւանքով Շենգավիթ համայնքի մի մասը որոշ ժամանակ հոսանքազրկված է եղել: Քամու հետեւանքով տանիքներից պոկված թիթեղներն էլ հայտնվել են Մյասնիկյան պողոտայի բանուկ հատվածում: Պողոտան շուրջ 40 րոպե երկկողմանի փակվել է: Իսակովի պողոտայում էլ ուժեղ քամու հետեւանքով շրջվել է լուսակրի սյունը:

Ֆիրդուսի փողոցում արդեն 20 տարուց ավելի գործող շուկայի տարածքը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ազատվի: Առեւտրականներն ասում են՝ այդ մասին երեկ լրատվամիջոցներից են տեղեկացել: Քաղաքապետարանը երկու տարբերակ է առաջարկում. «Երեւան» կամ «Առինջ մոլ» տոնավաճառներ: Երկուսն էլ, սակայն, ֆիրդուսցիների սրտով չեն: Տեսախցիկի առջեւ նրանք չեն ցանկացել խոսել, բայց կադրից դուրս պատճառաբանել են, որ Ֆիրդուսի շուկայում առեւտուր են անում ավելի քան 15 տարի, իրենց հաճախորդներն ունեն: Ոմանք այլ տոնավաճառներում փորձել են աշխատել, բայց հասկացել են, որ իրենց ապրանքը նման տոնավաճառների համար չէ: Հիմա քաղաքային իշխանություններին խնդրում են մինչեւ աշուն իրենց ժամանակ տալ, որ կարողանան մնացած ապրանքը վաճառել, վճարել պարտքերն ու վարկերը:

Լոռու մարզի Արջահովիտ գյուղի տներից մեկում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան, բայց տունը մոխրակույտի է վերածվել: Գյուղապետը պատմել է, որ կրակը շատ արագ տարածվել է՝ հասնելով նաեւ կողքի փայտաշեն տնակներին: Հիմա ընտանիքի 8 անդամները, որոնք փայտե տնակը ստացել էին երկրաշարժից հետո, առանց ծածկի են մնացել: Տանը կից փակ կառույց կա, առայժմ ստիպված են այնտեղ բնակվել, մինչեւ լուծվի տան խնդիրը: Հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չի: Ենթադրում են, որ հոսանքալարերի հետ կապված խնդիր է եղել:

Սյունիքի մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Սառնակունք գյուղի մոտակայքում 34-ամյա Գրիգոր Թեւոսյանը քարշակավոր բեռնատարով բախվել է «Cհrysler» մակնիշի մեքենային: Վերջինի վարորդը՝ 32-ամյա Արտյոմ Խաչատրյանը, տեղում մահացել է: Նա Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր: Քրեական գործ է հարուցվել:

Շուրջ 5 հազար դիմորդներ այսօր մասնակցել են «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությանը: Քննական կենտրոններից մեկում եղել է նաեւ կրթության նախարարը: Նախորդ տարվա համեմատ՝ դիմորդների թիվը 1500-ով նվազել է: Այս տարի բուհ ընդունվելու համար դիմել է 9 հազար 737 շրջանավարտ: Պետպատվերի շրջանակում բուհ կկարողանա ընդունվել 1641 դիմորդ, 18 հազար տեղ էլ հատկացվել է վճարովի համակարգի համար: 2018 թվականին դիմորդների թիվն ավելի քիչ է լինելու: Լեւոն Մկրտչյանն ասում է՝ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բուհերն ուսման վարձը չբարձրացնեն:

Նախարարությունը նաեւ մտադիր է միասնական քննությունների համակարգում փոփոխություններ կատարել: Նախ՝ ուզում են դիմորդներին հնարավորություն տալ տարվա ընթացքում երկու անգամ քննություն հանձնել: Այս դեպքում հարկ կլինի էլեկտրոնային համակարգ ներդնել: Սա ֆինանսավորում է պահանջում, բայց ոչ շատ: Ցանկանում են պահպանել նաեւ առաջին հայտի գերակայության սկզբունքը, ինչպես նաեւ առանձնացնել վճարովի եւ անվճարի տեղերի մրցույթը: Այս ամենը հույս ունեն մինչեւ հոկտեմբեր ներդնել, որպեսզի արդեն հաջորդ տարի նոր կարգով կազմակերպեն միասնական քննությունները:

Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 542, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հունիսի 7-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ