Թեհրանում ավարտվել է Իրանի խորհրդարանի շենքում ահաբեկիչների ոչնչացման գործողությունը: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն: Խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումների հետեւանքով 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա:

Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից:

Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել են երկու զինյալներ: Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել:

Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը:

Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար:

Նշենք, որ Թեհրանում մի քանի հարձակում է իրականացվել. մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ: Ահաբեկիչները խորհրդարան են մտել կանացի հագուստով:

ԻՊ-ն ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունն ու Իրանի խորհրդարանի վրա հարձակման տեսանյութ հրապարակել: