News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ահաբեկչությունների ալիքը հասավ Իրան: Թեհրանում այսօր մի քանի հարձակում է իրականացվել, որոնց հետեւանքով 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա: Չորս զինված անձ նախ երկրի խորհրդարան է ներխուժել: Նրանք կանացի հագուստով են եղել: Ահաբեկիչներից մեկը խորհրդարանի շենքում պայթեցրել է իրեն, մյուս երեքին ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները: Պաշտոնական տվյալներով՝ երկու զինյալներ էլ հարձակում են գործել Այաթոլլա Խոմեյնիի դամբարանի տարածքում: Ահաբեկիչներից մեկը՝ կին, փոխհրաձգության ընթացքում պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց իրավապահները կարողացել են չեզոքացնել նրան:

Հատուկ գործողության ընթացքում բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են, իրավապահները նաեւ ծրագրված եւս մեկ հարձակում են կանխել, ահաբեկիչներին՝ ձերբակալել: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Իրանի խորհրդարանի պատգամավորներն ահաբեկչության հետեւանքով չեն տուժել: Հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հարձակման ժամանակ խորհրդարանականները նիստերի դահլիճում են եղել, իսկ հարձակումն իրականացվել է վարչական շենքում, որտեղ պատգամավորների աշխատասենյակներն են: Նիստերի դահլիճում նույնիսկ պայթյունների ու կրակոցների ձայներ չեն լսվել:

Փորձագետներն իրենց հերթին փորձում են բացատրել ահաբեկչությունների պատճառը: Թեհրանի «Արաքս» պարբերականի խմբագիր Մովսես Քեշիշյանն ասում է՝ հարձակումներն ինչ-որ առումով սպասելի էին, սպառնալիքներ վաղուց էին հնչում: Այդ կերպ փորձում են ճնշել Իրանին ահաբեկիչներին հակազդելու համար: Քեշիշյանը նշեց, որ, որոշ տեղեկություններով, հարձակվողները Մարոկկոյից էին:

Քաղաքագետ Կարինե Գեւորգյանն էլ կապ է տեսնում Կատարի եւ Իրանի իրադարձությունների միջեւ: Նա կարծում է, որ տարածաշրջանում պատերազմ է հասունանում, որն անխուսափելիորեն կառնչվի նաեւ Անդրկովկասին: Քաղաքագետը հիշեցնում է Իրանում բնակվող հարյուր հազարավոր հայերի մասին, իրադարձությունների զարգացման դեպքում կարող է Հայաստան փախստականների մեծ հոսք սկսվել:

Ազգային ժողովում այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են Թեհրանում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Իսկ պատգամավորները խորհրդարան էին եկել կառավարության նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու: Քննարկումների հենց սկզբում վիճաբանություն ծագեց: Արա Բաբլոյանը հայտարարեց մի շարք օրենքների քննարկման եւ քվեարկության համար սահմանված ժամանակի մասին, Նիկոլ Փաշինյանն ու Նաիրա Զոհրաբյանն ընդդիմացան. օրենքները կարեւոր են, ժամանակը՝ շատ քիչ:

Ի վերջո՝ ՀՀԿ-ն զիջեց ընդդիմությանը. պետական գույքի մասնավորեցման եռամյա ծրագրի եւ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրինագծերի համար 3.5 ժամ սահմանվեց: Ի դեպ՝ պետգույքի մասնավորեցման մասին: Նաիրա Զոհրաբյանը հանրային քննարկումներ, հստակ ծրագրի ներկայացում է պահանջում:

Պատգամավորներն այսօր քննարկեցին նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հանձնաժողովի ղեկավարին պետք է ընդդիմությունն առաջադրի, իսկ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունեցող մարդիկ:

«Ազդարարման համակարգի» մասին օրինագիծն էլ նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին բոցաշունչ հայրենասիրական ելույթի մղեց: Դաշնակցական պատգամավորը համոզված է, որ այս օրենքը «հարիր չէ հայ տեսակին», այն ժողովրդին «գործ տվող» է դարձնում: «Ելք»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը տարակուսեց. իսկ ո՞րն է հայեցի, ջայլամությո՞ւն անել, երբ տեսնում ես՝ կոռուպցիա կա, բայց չես խոսում: Փաշինյանն էլ «Կոշի գաղութը» հիշեց:

Խորհրդարանի միջանցքում Սեյրան Սարոյանին հարցրել են պաշտպանության նախկին նախարարի հայտարարության մասին: Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե պայքարելու է իշխանափոխության համար, եւ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի: Լրագրողները հետաքրքրվել են. եթե նախկին մարտական ընկեր Օհանյանն իրեն օգնության խնդրանքով դիմի, կաջակցի՞ իշխանափոխության հարցում: Իշխանափոխության մասին պարբերաբար հայտարարում է նաեւ Զարուհի Փոստանջյանը: Սրան Սեյրան Սարոյանը հեգնանքով է պատասխանել:

Երեւանի հիվանդանոցներից մեկում առավոտյան լույս աշխարհ է եկել մեկ տարի առաջ Արցախում զոհված զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: Ծնողները որոշել են փոքրիկին զոհված որդու անունով Արտյոմ կոչել: Մայրը պատմում է, թե ինչպես են որոշում կայացրել անվան ընտրության հարցում: Արտյոմ Վարդերեսյանը զոհվել է 2016 թվականի մարտի 17-ին, հակառակորդի արձակած կրակոցից: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, իրենց փոքր երկու քույր ուներ:

Երեկ Երեւանում մոլեգնած փոթորկի հետեւանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տանիքից պոկված մետաղյա թիթեղներն ընկել են 63-ամյա քաղաքացու վրա: Մարմնական վնասվածքներ ստացած Բաղդասար Չարկիչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մայրաքաղաքում եւ Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Էջմիածին քաղաքում եւ հարակից գյուղերում ուժեղ քամին բազմաթիվ վնասներ է հասցրել. տանիքների թիթեղներ են պոկվել, ալեհավաքներ, ծառեր, ջերմոցներ են վնասվել, սյուներ են շրջվել: Այս ամենի հետեւանքով հատկապես Երեւանում ճանապարհները որոշ ժամանակ դժվարանցանելի կամ փակ են եղել: Ուժեղ քամու հասցրած վնասների չափը դեռեւս հայտնի չէ:

Լոռու մարզում այսօր խոշոր վթար է տեղի ունեցել: Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Opel եւ «ՎԱԶ 2106» մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 53-ամյա Պարգեւ Դունամալյանը, ոտքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել: 23-ամյա Լիլիթ Ազարյանի Opel-ում էլ հրդեհ է բռնկվել:

Դոլարի վերելքին այսօր նաեւ եվրոն է միացել: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 543, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հունիսի 8-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարճատեւ տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաեւ զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կհասնի 6-ի: Խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ