«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանը զարմացած է «Հայֆիլմի» ճակատագրի նկատմամբ մշակույթի նախարարի ցուցաբերած անտարբերության վերաբերյալ: Այս մասին նա նշել է Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 8-ին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատասխանատու նախարարությունները՝ առողջապահության, ֆինանսների, մշակույթի, բացարձակ պասիվություն են ցուցաբերել:
«Ինձ շատ զարմացրեց, որ «Հայֆիլմի» սեփականաշնորհման հետ կապված մշակույթի նախարարությունը ոչ մի կարծիք չի հայտնել: 2004թ. «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց, 13 տարի անց մենք չգիտենք, թե ինչ ճակատագիր է ունենալու սա, ինձ համար շատ զարմանալի է մշակույթի նախարարի՝ այս հարցում տեսանելի չլինելը»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը նաեւ նշեց, որ պետությունը պետք է ենթակառուցվածքներ եւ պայմաններ ստեղծի, որպեսզի ապագա ներդրողը կարողանա հաճույքով մտնել, ներդրումներ կատարել:











