News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր պետք է մեկնարկեր «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը: Դատարան բերված ամբաստանյալներին ներկաները ծափերով են դիմավորել, Պավլիկ Մանուկյանն էլ սկսել է երգել:

Նիստը, սակայն, դեռ չսկսված՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է այն հետաձգելու մասին ու արագորեն հեռացել դահլիճից: Պատճառն այն է, որ ամբաստանյալների հարազատներն աղմկել են՝ անտեսելով լռություն պահպանելու՝ դատավորի հորդորը:

Արդյունքում դատարանում նաեւ քաշքշուկ է սկսվել դատական կարգադրիչների եւ ամբաստանյալներից մի քանիսի միջեւ, բայց գործը ծեծկռտուքի չի հասել. Պավլիկ Մանուկյանը սաստել է ընկերներին, ինչից հետո ամբաստանյալներին դուրս են բերել դատարանի դահլիճից: Մինչ հեռանալը Պավլիկ Մանուկյանը հասցրել է մի քանի բառ փոխանակել լրագրողների հետ: Նա հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նաեւ հավելել է, որ մարտական է տրամադրված. իրեն չի ընկճում նույնիսկ առողջական վիճակը: Հավելենք, որ վաղ առավոտից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ պետք է քննվի գործը, ուժեղացված հսկողություն էր իրականացվում՝ Երեւանի փոխոստիկապետ, այս գործով տուժող Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Իսկ մինչ այդ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներն ու աջակիցներն այսօր Երեւանում երթ են անցկացրել: Ազատության հրապարակից նրանք քայլել են մինչեւ դատարան: Հարազատների մի մասն այդպես էլ չի կարողացել դատարան մտնել: Ոստիկանները պատճառաբանել են, որ դահլիճում տեղ չկա: Սա զայրացրել է «Սասնա ծռեր»-ի անդամների հարազատներին ու հրմշտոց է սկսվել նրանց ու իրավապահների միջեւ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել էր Երեւանի ՊՊԾ գունդը եւ միայն երկու շաբաթ անց հանձնվել ոստիկանններին: Երկու շաբաթվա ընթացքում երեք ոստիկան է զոհվել, «Սասնա ծռեր»-ի մի քանի անդամներ էլ վիրավորվել են:

Ազգային ժողովում շարունակվել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը: Այսօր էլ նիստի սկզբում խնդիր է առաջացել գրանցման ժամանակ: Որոշ պատգամավորներ փորձել են ուրիշի փոխարեն գրանցվել: Սա, ինչպես միշտ, չի վրիպել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից: Արձանագրել է. բացակա պատգամավորների փոխարեն գրանցման կոճակ սեղմողներ են եղել: Խորհրդարանի խոսնակը ստիպված է եղել երեք անգամ գրանցում հայտարարել:

Բուռն քննարկումների ու ելույթների առիթ է դարձել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը: Միքայել Մելքումյանը կարծում է, որ առողջապահական ու կրթական հիմնարկները պետք է հանել սեփականաշնորհման ցանկից: Նա նաեւ զարմացած է ոլորտների պատասխանատու նախարարների անտարբերությունից ու անտեղյակությունից:

Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի է, որ հանրության լայն շերտերի շահերը շոշափող առողջապահական օբյետկտների սեփականաշնորհումը տեղի է ունենում առանց հանրային պատշաճ լսումների: Պատգամավորը խոսել է նաեւ պետպատվերի համակարգի, սրտի անվճար ստենտավորման համար կառավարության սահմանած պայմանների մասին՝ հեգնելով. հիվանդներին տուն են ուղարկում, մինչեւ ինֆարկտը նորմալ խփի, նոր ստենտավորեն:

Այսօր քննարկվել է նաեւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Փաշինյանը կարծում է, որ համայնքների խոշորացման գաղափարը լավն է, բայց պետք է հասկանալ, արդյո՞ք այն արդյունավետ կլինի: Ասում է՝ Հայաստանում ամեն գյուղի բնակիչ համոզված է, որ ինքն առանձնահատուկ է: Այս, նրա գնահատմամբ, տեղային հայրենասիրությունը վտանգավոր է:

Երեկ մեծ արձագանք էր ստացել «Ազդարարի մասին» օրենքի քննարկման ժամանակ դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի՝ «գործ տվող» ձեւակերպումը: Դաշնակցություն խմբակցության ղեկավարն այսօր արդարացրել է գործընկերոջը. պարզապես մտքերը ճիշտ չի ձեւակերպել: Ինքը՝ Արմեն Ռուստամյանը, կողմ է ազդարարի ինստիտուտին:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի առաջին իսկ հանձնարարականը վերաբերել է տրանսպորտին, ավելի կոնկրետ՝ տաքսի ծառայություն մատուցողներին: Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում չպետք է ոչ բարեկիրթ տրանսպորտ լինի: Խնդրով հանձնարարել է զբաղվել տրանսպորտի նախարարին եւ ոստիկանապետին: Վլադիմիր Գասպարյանն արդարացել է. տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանում է գործնականում յուրաքանչյուրը՝ նախկին դատապարտյալներ, նարկոդիսպանսերում հաշվառվածներ եւ այլն։ Ստուգում են, զրկում լիցենզիայից, կարճ ժամանակ անց նույն անձը նորից լիցենցիա է ստանում:

Կարապետյանն այսօր հանձնարարել է նաեւ պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը, լրացուցիչ արտոնություններ տրամադրել թեթեւ արդյունաբերությամբ զբաղվողներին: Վարչապետն ուզում է կարի ֆաբրիկաներին օգնել, որպեսզի կարողանան շրջաններում արտադրամասեր բացել:

Օրերս 9 պետություններ հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին, Հայաստանն էլ առանց վիզայի ռեժիմ է սահմանել այդ երկրի քաղաքացիների համար: Շավարշ Քոչարյանը հորդորում է կառավարության որոշումը չքաղաքականացնել, այն կապված է ընդամենը տուրիզմի զարգացման հետ. Կատարը տուրիզմի հեռանկարային շուկա է մեզ համար:

Այսօր հանկարծամահ է եղել անվանի ջազ երաժիշտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Նախնական տվյալներով՝ երաժիշտը մահացել է սրտի կաթվածից: Արմեն Թութունջյանը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ: Մասնակցել է տարբեր մրցանակաբաշխությունների ու պարգեւների արժանացել: 1992 թվականին նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն եւ ընկերները» խումբը, որտեղ նվագել են հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ: 2011 թվականին լույս է տեսել Արմեն Թութունջյանի «Ռիթմ եւ շարժում» ուսումնական ձեռնարկը:

Հանրապետությունում այսօր մի քանի պատահար է գրանցվել: Լոռու մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին՝ Կողես գյուղի մոտ, ռուսական համարանիշերով ԳԱԶ-2410 մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրի կամրջակին: Վթարի հետեւանքով ուղեւորներից երկուսը մահացել են՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը եւ 47-ամյա Ռիտա Մանուկյանը: Վարորդը՝ 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը եւ անչափահաս երկու ուղեւորները տեղափոխվել են Ստեփանավանի բուժկենտրոն: Վիրավորները փրկարարներին պատմել են, որ Վլադիկավկազից գալիս:

Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Nissan մակնիշի մեքենայի վարորդը հանել է համարանիշերն ու դեպքի վայրից փախուստի դիմել: Վրաերթի ենթարկվածը՝ Հրազդանի 58-ամյա բնակիչ Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է: Ականատեսները պատմել են, որ մեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա անչափահաս որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն տարածեցին, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը Մոսկվայում վիճաբանության է մասնակցել: Աղբյուրների փոխանցմամբ՝ ավտոտեխսպասարկման կետում Հարությունյանը վիճել է ընկերոջ՝ 34-ամյա Սամվել Ավետյանի հետ ու իր մոտ եղած գրանցված ատրճանակից կրակել նրա ուղղությամբ:

Նրա անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, սակայն, մեր թղթակցին ասել է, որ Միհրանը դեպքի վայրում եղել է, բայց վիճաբանության հետ կապ չի ունեցել: Նրա անունը շրջանառվում է, քանի որ ավտոսպասարկման կետի մոտ կայանված է եղել նրա մեքենան: Մարզչի հավաստմամբ՝ Հարությունյանը հիմա հիվանդանոցում է, պատրաստվում է վաղը նշանակված ձեռքի վիրահատությանը:

Դոլարի փոխարժեքն այսօր գրեթե չի փոխվել, իսկ եվրոն ու ռուբլին էժանացել են: Արդյունքում հունիսի 8-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 541, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հունիսի 9-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը առանձին հատվածներում՝ հնարավոր են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ