News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ:

Օպերային թատրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ ներկայացումը տապալած նվագախումբի անդամները արդեն բացատրագրեր են գրել, թե ինչու են նման քայլի գնացել՝ արհամարհելով 1160 հանդիսատեսի:

Թատրոնից հայտնեցին նաեւ, որ ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ.  583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ:

«Հավանաբար հենց այդ 10 հոգու նախաձեռնությունն է եղել ներկայացումը տապալելու գաղափարը: Արտիստները աշխատանքից ազատվելու ծանուցումներ չեն ստացել: Երբ երեկ դրսում լրագրողները նրանց հարցնում էին, թե ինչու են դուրս եկել, նրանցից շատերը չգիտեին անգամ ինչ պատասխանել, ուղղակի խմբային դուրս են եկել»,-ասացին Օպերային թատրոնից՝ հավելելով, որ բոլոր տոմսերը հետ են վերադարձվելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ  թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել. «Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլեւս չեն աշխատելու թատրոնում: Իհարկե, բարձր գնահատելով թատրոնի գործունեությանն իրենց աշխատանքային մասնակցությունը ցուցաբերած բոլոր գործընկերների վաստակը, պետք է փաստենք, որ թատրոնի գործունեության նոր կառուցվածքն այլեւս չի նախատեսում նրանցից շատերի մասնակցությունը հետագա աշխատանքներում:

Փաստ է, որ խորհրդային տարիներից մեզ հասած որոշ աշխատանքային մեխանիզմներ այլեւս կիրառելի չեն, եւ մշակութային կառույցների կառավարման ժամանակակից մոդելն այլ պահանջներ է ներկայացնում, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել` ի նպաստ օպերայի եւ բալետի թատրոնի հետագա զարգացման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ