News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր կայացել է Երեւանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը: Տարոն Մարգարյանը երդվել է նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, բազմաթիվ պաշտոնյաների ներկայությամբ:

Արարողության ընթացքում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ավագանիում մանդատ ստացած քաղաքական ուժերը կկարողանան մի կողմ թողնել տարաձայնություններն ու աշխատել հանուն Երեւանի: Մայրաքաղաքում նախագահը բազմաթիվ խնդիրներ է տեսնում՝ տրանսպորտ, աղբահանություն, համատիրություններ: Բայց վստահ է, որ դրանք քայլ առ քայլ կլուծվեն: Տարոն Մարգարյանը, ըստ նախագահի, պետք է օր ու գիշեր աշխատի, հիասթափեցնելու իրավունք պարզապես չունի:

Ավագանիում մանդատներ ստացած «Ելք» դաշինքի անդամները մասնակցել են արարողությանը, իսկ «Երկիր Ծիրանի»-ն որոշել է այլընտրանքային նիստ գումարել ու քննարկել քաղաքի խնդիրները: Զարուհի Փոստանջյանը լրագրողներին նույնպես հրավիրել է ներկա գտնվել իրենց նիստին:

Տարոն Մարգարյանին շնորհավորելու եկած վարչապետին լրագրողները հարցրել են իր հնարավոր հրաժարականի եւ Սերժ Սարգսյանի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ լուրերի մասին: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ նախագահի հետ հարաբերությունների մասին հակիրճ է պատասխանել: Կարեն Կարապետյանը նաեւ քաղաքապետի պաշտոնում աշխատելու փորձ ունի: Հնարավո՞ր է, արդյոք, քաղաքապետի աշխատավարձով, Տարոն Մարգարյանի նման, հարստություն կուտակել:

Քաղաքապետի երդման արարողությանը մասնակցելու եկած «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը հակված չէր զրուցել լրագրողների հետ: Խոստացել է նրանց հետ զրուցել արարողությունից հետո, բայց Սարգսյանին հարցեր տալ այդպես էլ չի հաջողվել:

Երեւանի քաղաքապետարանի հնաբնակներից Կամո Արեյանը լրագրողների հետ զրուցել է, բայց հարցերին կտրուկ է պատասխանել: Նրան հունից հանել է հատկապես երեւանցիների համար շատ ցավոք՝ տրանսպորտի հարցը: Տրանսպորտի վիճակը մայրաքաղաքի թիվ մեկ խնդիրն է համարում նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բայց հավատում է նորընտիր քաղաքապետի խոստմանը, որ շուտով հարցը կլուծվի:

Ժամանակին քաղաքապետարանը ղեկավարած Գագիկ Բեգլարյանն էլ իր պաշտոնավարման տարիներն է հիշել եւ հույս հայտնել, որ այդ տարիներին մեկնարկած բարեփոխումները նույնքան սահուն ու առանց սթրեսների կշարունակվեն: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչով է հիմա զբաղվում նախկին պաշտոնյան: Ասել է՝ բիզնեսով, բայց այլ մանրամասներ հայտնել չի ցանկացել:

Մոսկվայում կազմակերպված հակակոռուպցիոն ակցիան վերածվել է անկարգությունների եւ հանգեցրել ձերբակալությունների: Ժամեր առաջ ձերբակալվել է ակցիայի կազմակերպիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, իսկ ավելի ուշ ռուսական աղբյուրները հաղորդել են ավելի քան 400 մարդու ձերբակալության մասին: Ականատեսների պնդմամբ՝ ոստիկանությունը շարունակում է մարդկանց ձերբակալել, այդ թվում՝ նրանց, ովքեր «ոչ մի կարգախոս չեն վանկարկել եւ պաստառ չեն բռնել»: Իրավապահները շրջապատել են Պուշկինի հրապարակը: Շուրջ 300 մարդ էլ ձերբակալվել է Սանկտ Պետերբուգում անցկացված ակցիայի ընթացքում: Ցույցեր են անցկացվել Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում եւս:

Հրազդանի բազմաբնակարան շենքերից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել: Պատճառը գազն է եղել: Պայթյունի պահին տանը եղել է տարեց կին՝ թոռնիկի հետ: Նրանք հասցրել են դուրս գալ բնակարանից, ինչից հետո տանը հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ տունն ամբողջությամբ այրվել է:

Իսկ օրերս առաջ 58-ամյա տղամարդուն մահացու վրաերթի ենթարկած Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը քաղաքապետ հորը սպասարկող Nissan-ով վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տուժածը մահացել էր:

Շառլ Ազնավուրը ցանկանում է, որ իր Pour toi Arménie երգը Հայաստանի պետական օրհներգը դառնա: Շանսոնյեն հյուրընկալվել է ֆրանսիական ռադիոկայաններից մեկին ու պատմել Հայաստան այցելության, «Ազնավուր» հիմնադրամի մասին: Խոսելով օրհներգի մասին՝ Ազնավուրը նշել է, որ այժմյան օրհներգը գրեթե ոչինչ չի արտահայտում, հավելելով, որ Pour toi Arménie-ն, հնարավոր է, Հայաստանի նոր օրհներգը դառնա: Նա վստահեցրել է, որ դրան համաձայն է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թբիլիսիում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի մրցելույթի ժամանակ միջադեպ է գրանցվել: Մեր օլիմպիական չեմպիոնը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել 98 կգ քաշային կարգի եզրափակիչ: Վրացի Ռեւազ Նադարեիշվիլիի հետ գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ մրցագորգի հարեւանությամբ քաշքշուկ է սկսվել: Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացել է մրցագորգից, իսկ մրցավարները հաղթանակը վրացի ըմբիշին են շնորհել:

Արթուրի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը մեր թղթակցին պատմել է, որ մեր մարզիկը գորգից հեռացել է՝ հայերի եւ վրացիների միջեւ ծագած վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու համար, այլապես այն վատ ավարտ կունենար: Հայաստանի թիմի մարզիչները փորձել են բողոքարկել որոշումը, բայց ապարդյուն: Գեւորգ Ալեքսանյանի խոսքով՝ մրցավարն ազգությամբ թուրք էր, այդ պատճառով կողմնակալ վճիռ կայացվեց: Ասում է՝ այս հարցին պետք է լուծում տալ, հայ մարզիկներն ու մարզիչներն անպաշտպան են միջազգային ասպարեզում: Արդյունքում Արթուր Ալեքսանյանը որակազրկվել է, նաեւ զրկվել արծաթե մեդալից: Հավելենք, որ Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 6 մեդալ. 2 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզ:

Դոլարն ու եվրոն թանկանում են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 541, ռուբլունը՝ 8 դրամ 45 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:

Հունիսի 13-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ