News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն առաջարկների մի մասն ընդունվել է համապատասխան օրինագծերի հեղինակների կողմից:

Այս առնչությամբ ԹԻՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ս․ թ․ հունիսի 9-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Ազդարարների պաշտպանության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւ դրանց կից փաթեթը:

Օրինագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկների քննարկման նպատակով հունիսի 2-ի եւ  5-ին ԹԻՀԿ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, նախագծերի համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի եւ «Ելք» խմբակցության հետ։

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկություններից 7-ն ընդունվել են ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի։ Առաջարկությունները հիմնականում վերաբերել են ազդարարի եւ ազդարարման ինստիտուտի սահմանմանը, ազդարարի եւ նրան փոխկապակցված անձանց իրավական պաշտպանվածության երաշխավորմանը, ազդարարի նկատմամբ վնասակար գործողության դեպքում իրավական պատասխանատվության  խստացման  եւ այլ  հարցերին։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծի եւ կից փաթեթի վերաբերյալ, որով կարգավորվում են հանձնաժողովի, որպես  ինքնավար պետական մարմնի, կազմավորման եւ գործունեության կարգը, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ԹԻՀԿ-ը ներկայացրել է շուրջ 50 առաջարկություն, որից 10-ն ընդունվել է օրինագծի հեղինակների կողմից։

ԱԺ կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում ստեղծվել են նաեւ իրավական հիմքեր եւ նախադրյալներ հանրային ծառայողների շահերի հայտարարագրման եւ շահերի բախման իրավիճակների կառավարման իրավական կարգավորման համար, որոնց իրականացման մեխանիզմներն ու իրավական երաշխիքները, սակայն, պետք է մշակվեն եւ ԱԺ կողմից հաստատվեն առաջիկա ամիսների ընթացքում ՝  ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 10-ից լիարժեք գործունեությունը:

Դրանց վերաբերյալ ԹԻՀԿ-ը նույնպես ներկայացրել է առաջարկություններ, որոնք քննարկվել են հանդիպումների ընթացքում եւ ժամանակավորապես առկախվել՝ նկատի ունենալով, որ հանրային ծառայողների շահերի բախման իրավական կարգավորումներին կառավարությունն անդրադառնալու է առաջիկա ամիսների ընթացքում»:

Տպել
Ամենաշատ