News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Հալեպից մեկնել է Դեյր Զոր:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները այցելել են ցեղասպանության թանգարան, ծանոթացել Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին, գրառումներ կատարել թանգարանի հուշամատյանում:

Եկեղեցուն կից սրահում հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահը նշել է, որ բարեկամ Սիրիա կատարած  պաշտոնական այցի ավարտին Հայաստանի պատվիրակությունը չէր կարող չայցելել Դեյր Զոր: «Եթե ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող եւ սրբավայր դարձած հուշարձանների մոտ, ապա Դեյր Զորը համայն հայության համար դարձել է ամենօրյա այցելության սրբավայր: Այստեղ, սիրիական հողի վրա թուրք յաթաղանից մազապուրծ հայրենազրկված եւ ունեզրկված 1,5 միլիոն հայություն նահատակվեց: Այս անապատում էր, որ գրեթե մեկ դար առաջ հայ մայրերը` անօթեւան եւ անպաշտպան, բայց եւ չհուսալքված, իրենց արցունքներով ավազի վրա մեսրոպյան այբուբենի տառերն էին պատկերում` իրենց զավակներին հայ պահելու եւ նրանց մեջ հայկական ոգին սերմանելու համար», -նշել է Հովիկ Աբրահամյանը: «Մենք այստեղ ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված եւ իրագործված 1915թ. Հայոց  Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ, միաժամանակ վերահաստատելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը», -եզրափակեց ԱԺ նախագահը:

Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ