News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ալավերդիում այսօր կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքներ ստացած 39-ամյա Կամո Փիրուզյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ոստիկանները հետապնդել են փախչող երիտասարդին ու բերման ենթարկել: Դեպքի վայրում հրազեն են հայտնաբերել: Քրեական գործ է հարուցվել, սպանության մեջ կասկածվող 26-ամյա Վալերի Դավթյանը ձերբակալվել է:

Այսօրվա դեպքը, պարզվում է, նախապատմություն ունի, որում շրջանառվում է նաեւ Ալավերդիի գործող քաղաքապետի անունը: Ամեն ինչ սկսվել է 2015 թվականի քաղաքապետի ընտրություններից: Գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ըստ մամուլի հրապարակումների, կոպիտ ընտրախախտումների արդյունքում հաղթել է մյուս թեկնածու Արթուր Աբգարյանին: Սակայն Փարեմուզյանին սատարողները չեն հանդարտել: Արդեն 2016 թվականին Փարեմուզյանի շրջապատից Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը նախ հարձակվել են հակառակորդ թեկնածուին սատարող Վարդան Անտոնյանի վրա, իսկ հետո փորձել են սպանել Կամո Փիրուզյանի եղբորը՝ Վարդան Փիրուզյանին, որը նույնպես սատարում էր Արթուր Աբգարյանին: Գործող քաղաքապետի աջակիցներից Վահագն Աբգարյանի թիկնապահները հարձակվել են ավտոմեքենայով տուն վերադարձող Վարդան Փիրուզյանի վրա: Հարձակվողների մոտ առնվազն մեկ ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ է եղել: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ է սկսվել հենց ավտոմեքենայում: Վարդան Փիրուզյանը հարձակվողներից մեկի ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով նրանցից Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը հրազենային վիրավորումից մահացել են:

Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ հարկադրված ինքնապաշտպանությամբ գործը կարճելու փոխարեն նախաքննական մարմինը որպես մեղադրյալ էր ներգրավել իր պաշտպանյալին: Փիրուզյանն արդեն մեկ տարի է՝ հետախուզման մեջ է: Պաշտպանի խոսքով՝ Ալավերդիում այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել իրական մեղավորները:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօր դատական նիստը նշանավորվել է միջադեպերով: Նախ՝ նիստն ուշացումով է սկսվել: Պատճառն այն է, որ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը թույլ չեն տվել բացել եւ խուզարկել իրենց պայուսակները:

Փաստաբանները, ամեն դեպքում, ներկայացել են դատական նիստին: Հենց սկզբում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի: Պարզաբանել է. հիմնավոր կասկած կա, որ Տաթեւիկ Գրիգորյանը չի կարող լինել անկողմնակալ եւ անաչառ դատավոր: Պապիկյանը հիշեցրել է, որ քրեական գործը վարույթ ընդունելու եւ նիստի օր նշանակելու ընթացքում դատավորն ունեցել է ընդամենը յոթ օր` 36 հատոր նյութերին ծանոթանալու համար: Միջնորդությանը միացել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Դատարանը, սակայն, մերժել է այն:

Այսօր նաեւ դատավորը երեք ժամով դահլիճից հեռացրել է ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալի վերաբերմունքի համար. Սաֆարյանը պարբերաբար վիճել է դատավորի հետ, փորձել նստած տեղից հայտարարություններ անել: Ավելի ուշ փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը:

Երեկ Երեւանում եւ մի շարք մարզերում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Մայրաքաղաքի մի քանի թունելներ հեղեղվել են, ավտոմեքենաներն արգելափակվել են: Ամենաշատ վնասը, նախնական տվյալներով, կրել են Արմավիրի մարզի մի քանի գյուղեր: Ամբերդ եւ Մրգաստան գյուղերի ղեկավարները մեր թղթակցին պատմել են, որ բանջարաբոստանային կուլտուրանները վնասվել են 100, ծառերը՝ 80 տոկոսով: Վնասի չափը դեռ հաշվարկում են: Գյուղացիները սարսափելի վիճակում են հայտնվել: Բազմաթիվ վարկեր ունեն, հույս ունեին դրանք մարել այս տարվա բերքի վաճառքից ստացված միջոցներով: Հիմա կառավարությունից պահանջում են հանձնաժողով ստեղծել եւ օգնության ձեռք մեկնել գյուղացիներին:

Մինչ այդ, Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր փակել են Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը ու պահանջել փոխհատուցել ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքները: Նշել են, որ երեկվանից ահազանգում են պատկան մարմիններին, բայց դեռ ոչ մի պատասխան չեն ստացել:

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը Վորոնեժի մարզում ջրատարն է ընկել: Երեք ուղեւոր է տուժել, այդ թվում՝ երկու երեխա: Վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումն ու գլորվել ջրատարը: Ավտոբուսում 39 մարդ է եղել: Տուժած երեխաներից 7-ամյա տղան Կրասնոյարսկից է, 10-ամյա աղջիկը՝ Կոստրոմայի մարզից: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացրել են, որ տուժածների քաղաքացիությունը դեռեւս չեն պարզել: Հայտնի է միայն, որ երեխաներից մեկի թեւն է կոտրվել, մյուս տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել:

Լեւոն Արոնյանը շարունակում է տպավորիչ մրցելույթը Norway Chess-2017 սուպերմրցաշարում: 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը 34-րդ քայլում պարտության է մատնել Ռուսաստանի առաջատար Վլադիմիր Կրամնիկին: Արդյունքում Լեւոն Արոնյանն ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ կիսում է առաջին տեղը: Երկու շախմատիստներն էլ վաստակել են 4 միավոր: Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մյուս չորս պարտիաներն Արոնյանը ոչ ոքի է ավարտել: Հունիսի 13-ին գրոսմայստերները հանգստանում են, իսկ վերջին երեք տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը եւ Ուեսլի Սոն:

Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն այսօր փոքր-ինչ էժանացել է: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 613 դրամ:

Հունիսի 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն, հնարավոր է քամու ուժգնացում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ