News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում կրկին լարված իրավիճակ է ստեղծվել. Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։

Գյուղացիները բողոքում են 2 օր առաջ տեղացած կարկուտի հետեւանքները վերացնելու հարցում պետության աջակցության բացակայության դեմ: Թեեւ տեղացած կարկուտից մեկ օր անց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել են տուժած գյուղեր, սակայն գյուղացիները մտավախություն ունեն, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում, բայց իրականում ոչինչ էլ չեն անի:

Իսկ գյուղացիները պահանջում են 2 տարով սառեցնել բանկերից վերցրած վարկերի վճարումները, հողի, ջրի վարձի սուբսիդավորում, տոկոսադրույքների զիջում: Նրանք պահանջում են նաեւ կարկտակայաններ տեղադրել այդ գյուղերում:

Ավելի վաղ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ նախնական տվյալներով՝ կարկուտից տուժել է Արարատյան դաշտավայրի 8 գյուղ: Նրա խոսքով՝ 7 գյուղ տուժել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանում եւ 1 գյուղ՝ Բաղրամյանի շրջանում: «Վնասի հաշվարկ է կատարվում նաեւ երկրի այլ շրջաններում: Հաշվարկներն ավարտելուց հետո կլսվեն նաեւ աջակցության վերաբերյալ գյուղացիների դիմումները: Դա կարող է լինել ոռոգման դիմաց վճարի փոխհատուցում կամ բանկային վարկերի սառեցում, կամ եւս ինչ-որ բան: Մենք որոշում կընդունենք՝ ելնելով բյուջեի հնարավորություններից»,- պարզաբանեցլ էր Հարությունյանը:

Նույն խնդրի առնչությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հանձնարարված է գյուղապետերին հանձնաժողովներով արձանագրել տվյալները, հասցված վնասի վերաբերյալ արձանագրությունը 3–4 օրում ներկայացնել մարզպետարան, որից հետո իրենք առաջարկություններով կներկայանան կառավարություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի ապրիլի սկզբին Կարեն Կարապետյանը հանձնարարել էր երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր մեծացնել հակակարկտային սարքերի եւ թնդանոթների արդյունավետությունը, ինչպես նաեւ ընդլայնել հակակարկտային ցանցի կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ