News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղուց մոռացության են մատնվել այն երջանիկ օրերը, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսն էր «ոչ մի խնդիր հարեւանների հետ»։ Այսօր Անկարան բախվում է նոր դիվանագիտական մարտահրավերների, մինչ ներքին քաղաքականությունը երկրում բեւեռացված է, ինչպես երբեք։ Այս մասին ասվում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Մարկ Պիերինիի հոդվածում։

Հեղինակի խոսքով, մինչ Թուրքիայի ղեկավարությունը ավելի է մեկուսացվում իր ավանդական դաշնակիցներից, Անկարան կարծես փորձում է Ռուսաստանի գրկում պատսպարվել, նաեւ հանդես է գալիս ոչ համոզիչ տարածաշրջանային դերով։

Մի կողմից Թուրքիան բախվում է դժվարությունների քրդական հանրաքվեի հետ կապված, որը սեպտեմբերի 25-ին է ծրագրված։ Միաժամանակ Անկարան ստիպված է վրդովված հետեւել , թե ինչպես է ԱՄՆ օգնում սիրիական քրդերին՝ այդ թվում զենքով։ Հեղինակի խոսքով,չնայած Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին Անկարայի մասնակցությանը, Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումների տարբերոթյունը դեռ շատ խորն է։

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա Կատարի՝ Թուրքիայի մոտ դաշնակցի հետ ճգնաժամը, անկասկած, հետեւանքներ կունենա։ Թուրքիան անմիջապես միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման գործում, սակայն, ըստ վերլուծաբանի, դա դժվար թե հնարավոր լինի։ Նախ Թուրքիա ու Կատարը կապված են ռազմական համաձայնագրով, երկրորդ՝ Թուրքիան մշտապես գժտված է Եգիպտոսի հետ։ Այնպես որ Անկարան դժվար թե կարողանա չեզոք միջնորդի դերում հանդես գալ արաբական աշխարհի ամենասուր վեճերից մեկում։

Եւս մեկ կարեւոր իրադարձություն է Ռուսաստանից «Ս400» համալիրների գնումը Թուրքիայի կողմից։ «Եթե գործարքը ավարտին հասցվի՝ ապա թուրքական ղեկավարությունը դրանից իրեն բավարարված կզգա, դա կդառնա յուրատեսակ փոխհատուցում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից մեկուսացման համար»,- գրում է վերլուծաբանը։

Նա կարծում է, որ էլ ավելի կարեւոր է, որ այդ գործարքը ռազմավարական ձեռքբերում կդառնա Ռուսաստանի համար, քանի որ սպառազինումների կարեւոր համակարգը տեղակայված կլինի ՆԱՏՕ-ի ռազմական ճարտարապետության կենտրոնում ու գործարքի ավարտը կհանգեցնի ՆԱՏՕ-ից Անկարայի որոշակի օտարացմանը։

Այս համատեքստում, ըստ վերլուծաբանի, կարեւոր է նաեւ Ինջիրլիկ բազայից զինվորներին դուրս բերելու՝ Գերմանիայի որոշումը։ Արգելելով գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիկ՝ Անկարան ավելի է բարդացրել ԵՄ-ի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները։ Այդ բարդ իրավիճակում կարելի է մոռանալ ԵՄ- Թուրքիա հարաբերություների հեռանկարների մասին։ «Հաշվի առնելով Թուրքիայում ներքին քաղաքական առաջնայնությունները՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կսահմանափակվի քաղաքական ու տնտեսական երկխոսությամբ, ԵՄ- Թուրքիա մաքսային միությունում հնարավոր բարելավումներով ու 2016-ի մարտին կնքված միգրացիոն գործարքի կարգավորման ուղիներով»,- համարում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ