Երբ ինքս հրաժարվեցի ծխելուց, արգելեցի նաեւ ենթականերիս։ Այս մասին հունիսի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Նախարարը հավելեց, որ ժամանակին ինքը նույնպես ծխել է, այդ պատճառով մյուսներին չէր արգելում ծխել գրասենյակում (նախկինում նա ապահովագրական ընկերության ղեկավար էր)։ «Այդ պատճառով ես հրաժարվեցի ծխելուց, իսկ հետո մենք դարձանք չծխող գրասենյակ։ Գրեթե չեմ ծխում»,- ասաց Ալթունյանը։
Պատասխանելով հարցին, թե այժմ ինչպե՞ս է արձագանքում, երբ իր ներկայությամբ եւ հանրային վայրում ինչ-որ մեկը ծխում է, Ալթունյանը նկատեց, որ բանականության սահմաններից պետք չէ դուրս գալ։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորին, ում հանդիպում եմ, չծխելու կոչ անեմ։ Իմ կողքին ոչ ոք չի մնա»,-եզրափակեց նախարարը։











