ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է եւ մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքի բակում նախօրեին երեկոյան երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո: Հիմնական վարկածներն են. կամ ինքնասպանություն է, կամ լվացքը փռելիս վայր է ընկել:
Ալիսա Ք.-ն աշխատում էր Երեւանում գործող ոսկու շուկաներից մեկում:




























