News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավանաբար դժվար գտնվի մեկը, ով հավալուսնին չտարբերակի թռչունների աշխարհի ցանկացած այլ ներկայացուցչից: Կտուցի տակի մեծ պարկը, որտեղ հավալուսնները տեղավորում են ձուկը, այս թռչունների կերպարը յուրահատուկ է դարձնում: Այս առանձնահատկությունը հավալուսնին ոչ միայն ճանաչելի, այլեւ ծնողական սիրո եւ ինքնազոհաբերման խորհրդանիշ է դարձրել:

Գարնանը եւ աշնանը Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում թչնաբանները եւ բնագետները կարող են հետեւել բնադրման վայրեր թռչող եւ հարավ ճանապարհվող հավալուսններին: Այս մեծ գեղեցիկ թռչնի մասին NEWS.am-ի ընթերցողներին է պատմում թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը:

Իրականում Հայաստանում հանդիպում է հավալուսնների ոչ թե մեկ, այլ երկու տեսակ՝ վարդագույն եւ գանգրափետուր: Երկրորդ տեսակի անվանումը կապված է փետուրներից կազմված փուփուլի հետ, որն իսկապես գանգուրների է նման:

Հայաստանում վարդագույն հավալուսնը հանդիպում է միայն չվելիս: Իսկ ահա գանգրափետուրը բույն է դնում: Հայաստանում գանգրափետուր հավալուսնի բնադրման միակ վայրը Շիրակի մարզի Արփի լիճն է: Սա կապված է հավալուսնների բնադրման առանձնահատկությունների հետ, որոնք սերունդ ունենալու համար կղզիներն են նախընտրում: Արփի լճի վրա համապատասխան կղզի կա, որը երաշխավորում բույն դնող զույգերի անվտանգությունը: Քանի որ այս մեծ թռչունը մեկ, առավելագույնը երկու ձագ է ունենում, նրա համար անվտանգությունն առանցքային է համարվում: Մեկուսացած կղզիները երաշխավորում են, որ ցամաքային գիշատիչները, օրինակ՝ աղվեսները եւ շնագայլերը չկարողանան նրանց բներին հասնել:

Արփի կղզում բնադրում են կատարում ընդամենը 2-3 զույգ: Զուտ այն պատճառով, որ կղզին փոքր է եւ չի կարող մեծ թռչուններին կերակրել: Սակայն անհրաժեշտ է պատկերն ընդհանրության մեջ դիտարկել՝ Արփին որպես Ջավախքի սարահարթի լճերի համակարգի մի մաս: Լիճ կա Թուրքիայում, երկու լիճ՝ Վրաստանում, մեկ լիճ՝ Հայաստանում. հավալուսնները յուրացնում են այս բոլոր կղզիները:

Ջավախքի սարահարթում բույն է դնում նաեւ վարդագույն հավալուսնը: Նա նախընտրում է ավելի խոշոր լճերը: Վարդագույն հավալուսնը չվելիս Հայաստանում գրեթե ամեն տեղ հանդիպում է, այդ թվում՝ Արարատյան դաշտավայրում: Այստեղ նա բավականին հաճախակի հյուր է: Եթե հավալուսնը հանդիպում է ջրային բաց մակերեւույթի, իսկ լավագույն դեպքում ծածանի տնտեսությունների ցածրադիր ջրամբարների, ապա հաճույքով է նստում դրանց վրա՝ դրանք որպես հյուրասիրության համար պատրաստված սեղաններ ընկալելով: Այն Հայաստանում կանոնավոր, սակայն դժվար կանխատեսելի հյուր է:

Գանգրափետուր հավալուսնի պահպանության համար բավականին լուրջ ջանքեր են նախաձեռնվում: Առաջին՝ Արփին վերածվել է «Արփի լիճ» ազգային պարկի: Դրանից բացի, ազգային պարկի աշխատակիցներն ամեն տարի այս տեսակի մոնիթորինգ են անցկացնում:

Չնայած նախկինում էլ հավալուսնի որս առանձնապես չի կատարվել, այնուամենայնիվ, պատահական կրակոցներ լինում էին, ուստի ազգային պարկի կողմից տեղի բնակչության շրջանում, որսորդների միության հետ բացատրական աշխատանք է կատարվում:

Վարդագույն հավալուսնը, ինչպես գանգրափետուրը, Հայաստանի ամենախոշոր թռչունն է: Նրա թեւերի բացվածքը 3 մետր 60 սանտիմետրից անցնում է: Ի դեպ, անցյալում Երեւանի կենդանաբանական այգում նույնպես այս տեսակի ներկայացուցիչներ կային:

Գանգրափետուր հավալուսնների կանոնավոր դիտարկումները 2003 թվականից են կատարվում: Մինչ այդ դիտարկումներ կատարվում էին, սակայն ավելի շուտ ոչ սկզբունքային բնույթ ունեին: Անցյալ տարվանից կանոնավոր հիմքերի վրա են դրվել մոնիթորինգը եւ թրենինգները:

Հետազոտությունները դեռեւս սահմանափակվում են վիզուալ դիտարկումներով, եւ հավալուսնների վրա հաղորդիչների տեղադրման ծրագիր չկա, ինչպես արագիլների դեպքում: Սա զգալիորեն կապված է ֆինանսական խնդիրների հետ, քանի որ հաղորդիչները թանկարժեք են: Կարելի է ռադիոհաղորդիչներ տեղադրել, բայց դրանք ընդունողների ճյուղավորված ցանց են պահանջում: Եթե դա չկա, ապա մտադրությունն անիմաստ է:

Հավալուսնները Հայաստան են թռչում Աֆրիկայից, Միջերկրական եւ Կարմիր ծովերի ափերից: Այս խոշոր եւ գեղեցիկ թռչունների սեռական հասունացումը սկսվում է 6 տարեկանից, որը թռչունների համար բավականին մեծ ժամանակ է: Համեմատության համար՝ բադերի մոտ դա տեղի է ունենում կյանքի երկրորդ տարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ