News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ անվանի արվեստագետ, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը:  Նա նաեւ Վարդգես Սուրենյանցի հոբելյանի նշումը նախապատրաստող կառավարական հանձնաժողովի նախագահն է:

Նա ասել է. «Սուրենյանցին կարելի է դասել համաշխարհային արվեստի լավագույն գործիչների շարքը: Այդ առումով մեր պետությունն ունի լուրջ անելիքներ` ներկայացնելու Սուրենյանցի ժառանգությունն աշխարհին պատշաճ ձեւով, եւ 150-ամյակի նշումը պետք է լինի Սուրենյանցի ժառանգության միջազգայնացման գործընթացի սկիզբը: Ծանոթանալով Սուրենյանցի կենսագրությանը` ինձ համար բացահայտեցի մի շատ զարմանալի հանգամանք. Սուրենյանցն իր կյանքի ընթացքում ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես` 1901 թ. Բաքվում:  Այդ առումով այսօր մեր կողմից կազմակերպված այս ցուցադրումը բացառիկ է, որովհետեւ իսկապես մենք փորձել ենք հավաքագրել մեզ հասանելի բոլոր ստեղծագործությունները` հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալ դրանց»:

Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է Սուրենյանցի մասին տեսաֆիլմ,  ներկայացվել է հեղինակի գրաֆիկական աշխատանքները ներառող գիտական կատալոգ եւ  արվեստագետի` Հայաստանի ազգային պատկերասրահում գտնվող բոլոր գործերը ամփոփ ներկայացնող ալբոմ:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է սրահներով, ծանոթացել նկարչի` ՀՀ տարբեր թանգարաններում պահվող աշխատանքներին: Մասնավորապես, ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներից Սուրենյանցի  ողջ հավաքածուն` ավելի քան 200 ստեղծագործություն, ինչպես նաեւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքի ձեւավորման էսքիզներ, արխիվային լուսանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ