News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսիմալիստ, որը ձգտում է իր վերաբերմունքը չփոխել շուրջը տեղի ունեցողի նկատմամբ: Իրեն այսպես բնութագրեց վրացի հայտնի կոմպոզիտոր եւ մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին՝ հունիսի 19-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին: 

«Ես մաքսիմալիստ եմ, որը ձգտում է իր վերաբերմունքը չփոխել շուրջը տեղի ունեցողի նկատմամբ, եւ հնարավոր է՝ այս հատկությունը կյանքիս ընթացքում շատ հարցերում է ինձ խանգարել: Գուցե հարկավոր էր ինչ-ինչ երեւույթների հանդեպ ավելի չեզոք լինել»,- ասաց կոմպոզիտորը:

Խոսելով այն մասին, թե որն է կյանքում իր համար ամենագլխավորը, մաեստրոն մի փոքր մտածելով թվարկեց՝ «ներքին գրաքննությունը, օրինավորությունը, մարդկանց հետ պլյուս եւ մինուս նշանով հարաբերությունները»:

Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանց իր արձագանքին՝ կոմպոզիտորը մեջբերում կատարեց Անգլիայի «Գրամաֆոն» ամսագրում հրապարակված հոդվածից. «Այնտեղ այսպիսի միտք է արտահայտված, որ այն ժամանակ, երբ ես ապրում էի խորհրդային իշխանության օրոք, իմ մեջ ավելի շատ բողոք կար, քան Խորհրդային Միության փլուզումից հետո: Միանգամայն հնարավոր է, ես չգիտեմ: Ես դրա վրա ուշադրություն չեմ դարձրել: Ինձ թվում է, որ եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է իմ վերաբերմունքը անցած կյանքին, անհրաժեշտ է լսել 60-70-ական թվականներին եւ մինչ օրս ստեղծած իմ երաժշտությունը: Ինձ թվում է՝ այդ երաժշտության մեջ ես անկեղծորեն ձգտել եմ, չգիտեմ, թե որքանով է դա ինձ հաջողվել, բայց ես ձգտել եմ արտացոլել այդ ժամանակը եւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել շուրջը: Դա նաեւ այսօր է շարունակվում»:

Ի պատասխան այն հարցին, թե իրեն ինչն ավելի շատ աշխարհում տեղի ունեցողից անհանգստացնում, Կանչելին նշեց. «Բացարձակապես ամեն ինչ: Ինձ անհանգստացում է այն, ինչը տեղի է ունենում իմ հայրենիքում, ինձ անհանգստացնում է այն, ինչը տեղի է ունենում Ռուսաստանում, ինձ անհանգհստացնում է այն, ինչը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհում: Ինձ անհանգստացնում է այն, ինչը տեղի է ունենում ոչ քաղաքակիրթ աշխարհում»:

Գիա Կանչելին Երեւան է այցելել իրեն նվիրված երաժշտական փառատոնի առիթով: Փառատոնը, որի ընթացքում կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները, կտեւի մինչեւ հունիսի 20-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ