News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արցախից Երեւան՝ զինվորական հոսպիտալ են տեղափոխել եւս մեկ վիրավոր զինծառայողի: 20-ամյա Յուրի Զաքարյանը հունիսի 17-ին գլխի հրազենային թափանցող վիրավորում է ստացել: Ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, նա միացված է արհեստական շնչառության ապարատին:

Հունիսի 17-ին Երեւան էին տեղափոխվել եւս երկու վիրավոր զինծառայողներ: Նրանց վիճակը կայուն է: 20-ամյա Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորում ունի, աչքի շրջանում վիրավորում ստացած մյուս զինծառայողը՝ 33-ամյա սպա Մյասնիկ Հովհաննիսյանը վիրահատվել է: Հովհաննիսյանի աչքերի վիրակապերն արդեն հանել են, բայց բժիշկները դեռ չեն շտապում կանխատեսել, արդյո՞ք հնարավոր կլինի լիարժեք վերականգնել զինծառայողի տեսողությունը: Հունիսի 16-ին եւ 17-ին զոհված չորս զինծառայողներին այսօր հուղարկավորել են: Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Գասպարյանին հողին են հանձնել Երեւանում, Արայիկ Մատինյանին՝ Լոռու մարզի Շնող գյուղում, Վարդան Սարգսյանին՝ Արագածոտնի Լուսագյուղ համայնքում, Վիգեն Պետրոսյանին՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում:

Իսկ Բաքվում տարածաշրջանային այցն ավարտած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփիչ հայտարարություն են տարածել: Դրա համաձայն՝ Ադրբեջանում բանակցությունների ընթացքում եռանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, ինչը Բաքու իրենց այցի նախօրեին շփման գծում զոհերի է հանգեցրել: Համանախագահներն Ադրբեջանի իշխանություններին լարվածության սրացումից խուսափելու կոչ են արել: Նույն կոչը հնչել է նաեւ Երեւանում եւ Ստեփանակերտում հանդիպումների ժամանակ:

Գործադիրն այսօր արտահերթ նիստում հավանություն է տվել կառավարության ծրագրին եւ այն ուղարկել Ազգային ժողով: Պատգամավորներն այն կքննարկեն հունիսի 21-ի նիստում: Վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիրը հավակնոտ է որակել:

Տուլայի մարզում հունիսի 18-ին խոշոր վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 9 վիրավոր կա: Տուժածներից երեքը երեխաներ են: Բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Երեւան-Մոսկվա երթուղու միկրոավտոբուսը պատկանում է «Քոչար տուր» ընկերությանը:

Մահացածը միկրոավտոբուսի վարորդներից է՝ Ռուսաստանի քաղաքացի Օթար Նասիրովը: Ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը NEWS.am-ին տեղեկացրել է, որ մյուս վարորդը՝ Կարապետ Մողրովյանը, չի տուժել: Հենց նա էլ վթարի ժամանակ ղեկին է եղել: Վարորդը պատմել է, որ կայանված ԿԱՄԱԶ-ը կտրուկ պոկվել է տեղից, Մողրովյանը չի կարողացել խուսափել բախումից, քանի որ կողքի երթեւեկելի գծով այլ մեքենաներ են ընթացել: Չի էլ հասցրել արգելակել, արդյունքում բախվել է ԿԱՄԱԶ-ին:

Հայաստան «ԻԳԼԱ»-ի տեղափոխման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործով կալանավորված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը մեզ տեղեկացրեց, որ նյութերն ուղարկվել են կողմերին՝ ծանոթանալու: Հայաստան տեղափոխված «ԻԳԼԱ»-ի արձակման խողովակը՝ «9M39» հրթիռով, հայտնաբերվել ու առգրավվել էր մարտի վերջին: ԱԱԾ-ի տեղեկություններով՝ համալիրի բաղկացուցիչ մասերը ձեռք են բերվել ու փոխադրվել Սամվել Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:

Ֆրանսիայի Ազգային ժողովում առաջին անգամ երեք հայ պատգամավոր կլինի: Նրանք մանդատ են ստացել հունիսի 18-ին կայացած խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքում: Հայ թեկնածուներ առաջադրվել էին միայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունից: Փարիզի Սեն Կլու արվարձանում հաղթել է Ժակ Մարիլոսյանը, Էր եւ Լուար դեպարտամենտում՝ Գիյոմ Կասբարյանը, իսկ Լիոնում՝ Դանիել Կազարյանը:

Արցախի փոքր ավիացիայի ձեւավորման առաջին քայլերն են արվում: Լեռնային Ղարաբաղում անցկացվել է «Արցախ էյր ֆեստ» առաջին փառատոնը: Նպատակ ունեն այս կերպ եւս նպաստել տուրիզմի զարգացմանը, բարձրացնել Արցախի փոքր ավիացիայի պոտենցիալի մասին իրազեկվածությունը, խթանել բիզնես նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը: Առաջին իսկ փառատոնին մեծ թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ են մասնակցել:

Հունիսի 19-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, եվրոն թանկացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 538, ռուբլունը՝ 8 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 615 դրամ:

Հունիսի 20-ին հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումներ են սպասվում, առանձին վայրերում կարկուտի հավանականություն կա: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ