Հայաստանի իշխանություններին ուղերձ հղելու համար ես հրապարակային հայտարարությունների կարիք չունեմ։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Խոսելով իր վերջին հայտարարությունների, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ քաղաքական կոռեկտություն պահպանելու ու երկրի ներքին գործերին չմիջամտելու դեսպանին ուղղված կոչերի մասին՝ Սվիտալսկին նշեց. «Առաջին հերթին, օգտվելով առիթից ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեզ աջակցող բոլոր հայերին։ Մենք աջակցության մասին շատ ուղերձներ ենք ստացել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատերը հավատում են մեզ, հավատում են, որ ԵՄ-ն երկրում լավ աշխատանք է կատարում։ Առհասարակ հայերը մեզանից օգնություն են խնդրում, իսկ այժմ աջակցություն են հայտնում»։ Ըստ դեսպանի՝ հենց դա է նրանց գործողությունների համար դրդապատճառ հանդիսանում։ 

«Իհարկե, մենք նաեւ հասկանում ենք, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում եւ չեն հասկանում այն, ինչ մենք ցանկանում ենք անել Հայաստանում։ Մենք ցանկանում ենք, որ հասարակ ժողովուրդն էլ ավելի օգտվի նրանից, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանին։ Մենք միշտ այդ բանավեճերին դրական կվերաբերվենք։ Սակայն պետք է հետեւել կոնկրետ կանոններին՝ զրուցակցի վրա հարձակվելուց առաջ անհրաժեշտ է ստուգել աղբյուրը, դիտել տեսանյութը եւ մտածել։ Հարգեք ձեր զրուցակցին, որի դերում տարբեր մարդիկ են հանդես գալիս», -դիմելով Հայաստանի իշխանություններին՝ կոչ արեց Պյոտր Սվիտալսկին։

 «Ես հրապարակային հայտարարությունների միջոցով Հայաստանի իշխանություններին ուղերձներ չեմ հղի։ Մեր աշխատանքային հարաբերություններն ու Կառավարության հետ հաղորդակցությունը բավական լավ են, ես ցանկացած պահի կարող եմ իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն սկսել։ Հրապարակային հայտարարությունները նախատեսված են հանրության համար են։ Դրանք վերաբերում են այն հարցին, թե ինչ ենք անում մենք Հայաստանում՝ որպես Եվրոպական միություն»,- հստակեցրեց Պյոտր Սվիտալսկին՝ հայտարարելով, որ իր հայտնած կարծիքներից ոչ մեկը գաղտնիք չի եղել իր զրուցակիցների եւ երկրի իշխանության ներկայացուցիչների համար։ 

Հիշեցնենք.  Սվիտալսկին խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել է. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»։ ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը։ «Այդ ամենի վերաբերյալ ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։ Նա կոչ է արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։