News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական շոուն է կազմակերպել՝ տարածելով տեսագրություն, որում իբր հայ պայմանագրային զինծառայողը խոստովանում է, որ մասնակցել է դիվերսիայի եւ գերի ընկել: Տղամարդը, որը ներկայանում է որպես Զավեն Կարապետյան, պնդում է, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է: Ոչ տղամարդու արտաքինը, ոչ էլ նրա կոտրատված հայերենը թույլ չեն տալիս լուրջ վերաբերվել ադրբեջանական այս արկածախնդրությանը: Ավելին, Դովեղ համայնքի ղեկավարը հայտարարել է, որ նման մարդ իրենց գյուղում երբեք չի բնակվել:

Արցախի պաշտպանության բանակը հերքել է հայկական կողմի իրականացրած դիվերսիայի մասին ադրբեջանական տեղեկությունը՝  նշելով, որ այս քայլով Բաքուն ցույց է տալիս միայն, թե որքան ցավոտ են իր համար եղել հայկական կողմի պատժիչ գործողությունները օրերս ադրբեջանական կողմի իրականացրած գործողությանն ի պատասխան, որի հետեւանքով 1 օրում 4 հայ զինծառայող էր զոհվել:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Հունիսի 22-ին նա կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը: Վարչապետը ծրագիրը ներկայացրել է առանց իրեն բնորոշ դրայվի: Մոտ 30 րոպե Կարեն Կարապետյանը թղթից կարդացել է իր Կառավարության ձեռքբերումների եւ տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին: Նույնիսկ ելույթի ավարտը, որը նախատեսված էր ոգեշնչելու համար, վարչապետը կարդաց թղթից բավական զուսպ, առանց էնտուզիազմի:

Վարչապետին առաջինը հարց ուղղելու համար հերթագրվել էր Սեյրան Սարոյանը: Նրա հարցն իրականում այնքան էլ հարց չէր. շնորհակալություն հայտնեց վարչապետին գյուղատնտեսության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար, սակայն հիշեցրեց, որ կարկուտի պատճառով գյուղացիները շարունակում են զրկվել իրենց բերքից եւ խնդրեց աջակցել տուժած գյուղացիներին, մինչեւ կլուծվի հակակարկտային կայաններով ապահովելու համար:

Դրանից հետո հարցերը թեժացան: Քննարկման օրակարգը թելադրում էր «Ելք» խմբակցությունը: Էդմոն Մարուքյանի աչքից չէր վրիպել Կարեն Կարապետյանի սովորականից սառը ելույթը: Մարուքյանի խոսքով, իրենք անիմաստ են համարում քննարկել մի ծրագիր, որը հնարավոր է՝ երկարաժամկետ չէ,  քանի որ խոսակցություններ կան, որ 2018թ.-ից հետո Հանրապետության վարչապետ է լինելու ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը:

Մարուքյանին բարկացրել էր այն, որ նախօրեին վարչապետը հրաժարվել էր իրենց խմբակցության հետ առանձին հանդիպում ունենալ՝ Կառավարության ծրագիրը քննարկելու համար: Վարչապետը Մարուքյանի բոլոր հարցերին պատասխանեց կարճ: Կարեն Կարապետյանը բացատրեց՝ ինքն Արա Բաբլոյանի հետ համաձայնեցրել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ հանդիպման օրն ու ժամը, սակայն զարմացել է՝ տեսնելով, որ «Ելքն» այդ հանդիպմանը չի մասնակցել: Մարուքյանը համառեց՝ իր գլխավոր հարցի պատասխանն այդպես էլ չստացավ:

Ազգային ժողովի նախագահն իր պարտքը համարեց պարզաբանում տալ «Ելք»-ի ու վարչապետի միջեւ չկայացած հանդիպման մասին: Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ ինքը կազմակերպել է այդ հանդիպումը, սակայն պատգամավորները չեն ներկայացել: Նշենք, որ «Ելք»-ը պնդում է, որ իրականում իրենց առաջարկել են հանդիպել ոչ թե վարչապետի, այլ Վաչե Գաբրիելյանի հետ, ինչից իրենք հրաժարվել են: Արդյունքում այնպես ստացվեց, որ Բաբլոյանն է տապալել հանդիպման կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը խայթելու առիթը բաց չթողեց

Դրանից հետո էլ «Ելք»-ի պատգամավորները չհրաժարվեցին վարչապետի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցապնդումներից: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում  նշեց՝ Կարեն Կարապետյանի այն պատասխանը, թե ինքը պատրաստ է 2018թ.-ի ապրիլից հետո շարունակել ղեկավարել Կառավարությունը, իրենց չի բավարարում:

Կառավարության ծրագրի շուրջ ելույթները կշարունակվեն վաղը: Թերեւս այս պատճառով Կառավարությունն իր ամենշաբաթյա նիստը տեղափոխել է ուրբաթ:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին տապալվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի քանի անգամ ստիպված էր ընդմիջում հայտարարել՝ տարբեր պատճառներով: Նիստի առաջին մասն անցավ առանց ամբաստանյալների փաստաբանների ներկայության: Կարգադրիչները փորձում էին բոլորի նման փաստաբաններին էլ խուզարկել,  իսկ վերջինները բոյկոտեցին՝ հիշեցնելով, որ փաստաբաններին խուզարկելու իրավունք չունեն: Արդյունքում դատավորը 1 ժամ ընդմիջում հայտարարեց, որից հետո առանց խուզարկության փաստաբաններին թույլ տվեցին մտնել նիստերի դահլիճ: Դրանից հետո սկսված նիստից հավաքվածները գրեթե ոչինչ չհասկացան, քանի որ դատարանը չէր կարողացել տեխնիկական խնդիրները լուծել, ինչի արդյունքում ապակուց այս կողմ գտնվողները լսում էին միայն դատավորի ձայնը, իսկ փաստաբաններին ու ամբաստանյալներինը գրեթե չէր լսվում,  դրան գումարվում էր նաեւ դահլիճում ներկաների աղմուկը: Այն մասին, թե ինչ է կատարվում ապակուց այն կողմ, լրագրողները մեծ մասամբ տեղեկանում էին փաստաբաններից ընդմիջումների ժամանակ: Ընդհանուր առմամբ, դատավորը 6 անգամ ընդմիջեց նիստը՝  դրանց մի մասն այն պատճառով, որ ամբաստանյալները տեղից քաղաքական հայտարարություններ էին անում՝ մեղադրանքներ հնչեցնելով իշխանությունների հասցեին: Արդյունքում դատավորը սանկցիա կիրառեց 3 ամբաստանյալի եւ 2 պաշտպանի նկատմամբ: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 28-ը:

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում:  Բաբայանի պաշտպանը հայտարարել է, որ այս մեղադրանքը նույնքան անհիմն է, որքան Վրաստանից Հայաստան «Իգլա» բերելու՝ նախկինում առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է, իսկ ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածով նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Բաբայանը պնդում է, որ իր նկատմամբ մեղադրանքը շինծու է: Նա այս ամենը համարում է քաղաքական հետապնդում խորհրդարանական ընտրությունների շրջանում իր քաղաքական ակտիվության համար:

Միացյալ Նահանգները կրկին հիշել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրում կատարելու իր խոստման մասին: Այս անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կոնկրետացրել է պայմանները՝  խոստացված ներդրումը կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի էներգետիկ շուկան լիովին ազատ լինի եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան եւ Իրան, ինչը նախ եւ առաջ ենթակառուցվածքների առկայություն է նախատեսում: Փաստացի Ռիչարդ Միլսն ակնարկել է, որ Հայաստանի էներգետիկ շուկան ազատ չէ:

Դոլարը, եվրոն եւ ռուբլին շարունակում են թուլանալ: ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 21-ին  կազմել է 480, եվրոյինը՝ 535, ռուբլունը՝ 8.06 դրամ: Ֆունտը նույնպես նվազել է՝ կազմելով 606 դրամ:

Հանրապետության տարածքում հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երեւանում վաղը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ