News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


2012-2017թթ. Կառավարության ծրագրում ընդամենը մի կետ կա, որը ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացրել է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Կա մի կետ ռազմավարական, որ իրականացրել են: Գրել են, որ ավարտին կհասցնեն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ավարտին են հասցրել հարյուր տոկոսով եւ փաստաթղթերը նետել աղբարկղը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Կառավարության նախորդ 5 տարվա ծրագրում նշված էր, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը կլինի անվճար. «Թան էլ չէ, փրթած մածուն, հիմա Կարեն Ավագյանն ասում է՝ եկել ենք, մոտեցել ենք այդ շեմին, եւ հանձնարարվել է, որ լավ ուսանողը ուսման վարձի պատճառով բուհից դուրս չմնա: Մի մոռացեք, որ լավ ուսանող լինելու համար ոչ թե գերազանցիկ լինելն է, այլ ՀՀԿ-ի համակիր լինի եւ ընտրություններին ՀՀԿ-ի մայկան հագնի ու դռնեդուռ ընկնի»:

Ըստ խմբակցության ղեկավարի՝ 2012-2017թթ. ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր առաջին դասարանցու տրվելու է անվճար համակարգիչ, սակայն այդ համակարգիչները չեն տրվել, իսկ ներկայումս քննարկվում 5-ամյա ծրագրում այդ կետը հանված է. «Ինձ հիշեցնում է պերաժկիի մասին անեկդոտը: Մսով պերաժկի է գնում մեկը, մի հատ կրծում է, ասում է՝ բա ուր է միսը, ասում է՝ դեռ չես հասել մսին, մի հատ էլ է կրծում, ասում է՝ բա միսն ուր է, ասում է՝ անցար արդեն»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ ծրագրում մատնանշվում էր, որ կարողացել են ապահովել երկրի անվտանգությունը: Սա, ըստ խմբակցության ղեկավարի, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այսօր բոլորն են ընդունում, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը:

«Հիմա էլ պատեհ-անպատեհ Իսկանդեր, Իսկանդեր, երեկ որ խոսում էր Սեյրան Սարոյանը հակակարկտային կայանի մասին, ուզում էի ասել՝ միգուցե Իսկանդերը փորձեիք կարկուտը ցրելու համար: Սերժ Սարգսյանի Կառավարությունն էր, որ տարածքներ է զիջել: Սա է ամբողջ իրականությունը եւ հիմա ասում են՝ ինչ տարբերություն, թե ով կլինի վարչապետը: Կա տարբերությունը, եթե դուք գործընթացները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին կարգեք վարչապետ, կա տարբերություն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ