News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հունիսի 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայաինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել Արցախի հետ շփման գծում:  Հայկական ուժերը կասեցրել են դիվերսիոն խմբի առաջախաղացումը, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով առնվազն 4 զոհ: Պաշտպանության բանակը հրապարակել է դիրքերի մոտ հատուկ գրոհայինների թողած անձնական պարագաները: Հայակական կողմը կորուստներ չի ունեցել:

Կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրը Հանրապետականը սկսեց՝ պատասխանելով նախօրեին «Ելք» խմբակցության կողմից իշխանության հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներին: Նախօրեին «Ելքը» փորձում էր «նեղել» Կարեն Կարապետյանին՝ ցույց տալով, որ Սերժ Սարգսյանն արդեն վճռել է նրա քաղաքական ճակատագիրը, եւ 2018թ.-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը հրաժեշտ է տալու վարչապետի պաշտոնին: Այսօր Հանրապետականը ջերմեռանդ ելույթներ էր ունենում, որոնցով ավելի շատ պաշտպանում էր ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին: Երիտասարդ Կարեն Ավագյանն իր ելույթին ազդեցիկություն հաղորդելու համար ապավինեց Պարույր Սեւակի պոետիկ մտքին:

Հանրապետականի կոալիցիոն գործընկերը նույն գործին էր լծվել: Աղվան Վարդանյանի համեմատությունն ինտիմ ասոցացիաներ էր առաջացնում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ շարունակում է համարել, որ ծրագիրը ներկայացրած Կարեն Կարապետյանը հեռացող վարչապետ է, նշեց նաեւ վերջին տարիներին իշխանությունների գլխավոր ձախողումները՝ առանձնացնելով անվտանգության ոլորտը, մասնավորապես անցած տարվա ապրիլին տարածքների կորուստը:

Կառավարության ծրագրին դեմ քվեարկելու իրենց որոշումը «Ծառուկյան» խմբակցությունը նույնպես հիմնավորեց իշխանության չկատարած խոստումներով:

Վահրամ Բաղդասարյանը կարծես թե զարմացած էր «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումից, քանի որ մինչեւ այդ իրեն ընդդիմություն հռչակած դաշինքը իշխանության կարեւորագույն նախաձեռնություններին այսպես կտրուկ հրապարակավ դեմ չէր արտահայտվել:

Քվեարկությունից առաջ Կարեն Կարապետյանը, նախորդ օրվա նկատողությունը հաշվի առնելով, ջանում էր դրայվ ցուցաբերել:

Կառավարության ծրագրի ներկայացումն ակնհայտորեն այդ առիթներից չէր, այնուամենայնիվ, վարչապետը փորձում էր հավեսով խոսել ու թերեւս շատ ջանալու արդյունքում երբեմն շփոթում էր բառերը: Ելույթի ավարտին նույնպես վարչապետը չմոռացավ ուրախ երեւալ:

Քվեարկությունից առաջ կրքերը թեժացան: Վահրամ Բաղդասարյանը, չգիտես ինչու, որոշեց ընդդիմությանը սպառնալ Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթով, որն ի դեպ, դաշնակցական պատգամավորը ժամանակին ուղղել էր հենց Հանրապետականներին: Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց, եւ նոր 6-րդ գումարման Ազգային ժողովում առաջին «ռազբորկան» գրանցվեց:

Վահրամ Բաղդասարյանը ծանր էր տարել նաեւ 2018թ.-ին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ լինել-չլինելու շուրջ «Ելքի» հրապարակային քննարկումները, ակնարկեց, որ «Ելքի» ապագան նույնպես անորոշ է: Բանավեճն այս անգամ ավելի քաղաքակիրթ ստացվեց:

Արա Բաբլոյանն ի վերջո քվեարկության դրեց Կառավարության ծրագիրը, որը բնականաբար ընդունվեց: Ազգային ժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:

Ինչու՞ է Կառավարությունն իր կայքից հեռացրել գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի լուսանկարները: Լրագրողներն այս մասին այսօր հարցրել են տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանին, նախարարը բացատրել է՝ «Ալեքս Գրուպ» կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին թեեւ ուղեկցել է նաեւ Սամվել Ալեքսանյանը, սակայն հիմնական ուղեկցողը եղել է նրա դուստրը, որն էլ ընկերության սեփականատերն է: Նախարարը համաձայն չէ, որ Սամվել Ալեքսանյանը, լինելով խոշոր գործարար, Սահմանադրության խախտումով է ընտրվել Ազգային Ժողովի պատգամավոր: Չնայած Կարայանը բավականին վստահ է խոսել, այնուամենայնիվ, լուսանկարների հրապարակումից բարձրացած աղմուկից հետո Կառավարությունն ինչ-որ խախտում նկատել է եւ հեռացրել է այն լուսանկարները, որտեղ Կարեն Կարապետյանի կողքին Սամվել Ալեքսանյանն է: Բարեբախտաբար, կառավարության հրապարակած տեսագրությունը պահպանվել է:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Զավեն Կարապետյանի մասին, որին նախօրեին տարածած տեսագրությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր որպես գերեվարված հայ դիվերսանտ:  Պարզվում է՝ 42-ամյա Զավենը ծնվել է Խարբերդում, նրա մայրը հաշվամանդամ է եղել, 4 տարեկանում Զավենը հայտնվել է Գավառի մանկատանը, 8 տարեկանում տեղափոխվել Սովետաշենի օժանդակ դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Վանաձոր, որտեղ բնակվել է բարերարների հատկացրած տանը, որը հետագայում վաճառել է եւ դարձել թափառական:  30 տարեկանում հաշվառվել է Վանաձորի ծերանոցում անձնագիր ստանալու համար: Ծերանոցում նրան երբեք չեն տեսել:  Զավենի մոտ ախտորոշվել է մտավոր հետամնացություն, ինչի պատճառով նա ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Նրա հետ Վանաձորում նույն տանն ապրած մանկատան ընկերները վերջին տարիներին Զավենից լուր չեն ունեցել, վերջին անգամ նրան տեսել են 5-6 տարի առաջ աղբանոցի մոտ: Չի բացառվում, որ Զավենը վաղուց էր հայտնվել Ադրբեջանում եւ Բաքուն նրան գաղտնի էր պահում հարմար առիթի համար:

Տուլայում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտուբուսի հայ վարորդը երկու ամսով կալանավորվել է: Թեեւ Կարապետ Մողրովյանը պնդում է, որ ինքը որեւէ կանոն չի խախտել եւ վթարի մեղավորը  «Կամազ» մեքենան է, չի բացառվում, որ նա նույնպես կարժանանա Տուլայում 2016թ. վթարված ավտոբուսի վարորդի ճակատագրին, որին Ռուսաստանի առաջին ատյանի դատարանը դատապարտել է 4 ու կես տարվա ազատազրկման:

Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել, իսկ եվրոն ու ֆունտը թանկացել են: ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 22-ին կազմել է 480, եվրոյինը՝ 536, ֆունտինը՝ 607, իսկ ռուբլունը՝ 8.04 դրամ:

Հանրապետության տարածքում հունիսի 23-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Երեւանում հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ