News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Կապույտ մզկիթը կարող է Ինդոնեզիայից զբոսաշրջիկների համար առավել գրավիչ օբյեկտներից մեկը դառնալNEWS.am-ի հետ հարցազրույցում Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին ընդգծեց հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը, երկկողմանի հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալը եւ խոսեց Երեւանից Ջակարտա ու Բալի կղզի ուղիղ չվերթներ բացելու հեռանկարների մասին:

Պարոն դեսպան, Հայաստանում, մայրաքաղաք Երեւանում Ձեզ ի՞նչը տպավորեց:

Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է: Հայաստանը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ռազմավարական լավ դիրք ունի: Հայ ժողովուրդը կարողացավ գոյատեւել, չնայած նվաճելու փորձերին, եւ մինչեւ հիմա մեծագույն ազգ է մնում: Հայկական Սփյուռքն, իր հերթին, աշխարհում էական ավանդ ունի: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչները միանգամայն տոլերանտ են եւ հիասքանչ հնարավորություններ ունեն հայի բնավորության արժեքավորությունը ներկայացնելու համար: Ես հանդիպել եմ Հայաստանի կառավարության մի քանի ներկայացուցիչների հետ, իմ ընկերոջ` Ինդոնեզիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանի հետ, եւ ես զգացի հայ ժողովրդի հյուրընկալությունը: Սա մեծագույն ժողովրդի բնավորություն է: Եվ ես հավատում եմ` այս ազգն ընդմիշտ մեծագույն կմնա:

Երբ հանդիպեցի ձեր նախագահ Սերժ Սարգսյանին, ջերմություն զգացի: Շատ մանրամասն զրույց էր, որի ընթացքում շոշափվեցին ոչ միայն 2 երկրների միջեւ հարաբերությունները, այլեւ մարդու իրավունքների համընդհանուր արժեքները, թե յուրաքանչյուր առաջնորդ ինչպես է իր ավանդը բերելու երկրների եւ ժողովուրդների համաշխարհային համագոյակցության մեջ: Սա ոչ միայն դիվանագիտական հռետորաբանություն էր, ես զգացի, որ սա բխում է հայ ժողովրդի եւ նրա առաջնորդի սրտից:      

Դուք ո՞ր ոլորտներում եք տեսնում Հայաստանի եւ Ինդոնեզիայի հարաբերությունների խորացման պոտենցիալը:

Իհարկե, Ինդոնեզիան եւ Հայաստանը երկարատեւ հարաբերություններ ունեն: Այս տարվա սեպտեմբերի 22-ին կլրանա 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել «Գլոբալ դիվանագիտական ֆորում» միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Ֆորումի եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մենք միմյանց հարգում ենք: Մենք ուրախ ենք Ջակարտայում Հայաստանի դեսպանատուն բացելու համար: Եվ մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին Ինդոնեզիան նույնպես այստեղ` Երեւանում դեսպանատուն կբացի: Մենք այս ուղերձը կհղենք մեր մայրաքաղաք:

Իմ տեսանկյամբ` հարաբերությունների զարգացման համար 3 ոլորտներում մեծ պոտենցիալ կա: Առաջին հատվածը տուրիզմն է: Ինչպես տեղյակ եք, 2016 թվականին Ինդոնեզիա է այցելել ավելի քան 10 հազար հայ: Ինդոնեզիան Հայաստանի քաղաքացիներին 30 օր երկրում մնալու ազատ վիզա է տրամադրում: Մենք հույս ունենք, որ նույնը կարվի նաեւ հայկական կողմից: Սա կնպաստի Հայաստան ինդոնեզիացիների այցելությունների ավելացմանը: Երկրորդ հատվածը երկկողմանի հարաբերությունների խորացումն է բիզնեսի եւ առեւտրի, նաեւ ներդրումների ոլորտներում: Մենք այստեղ որոշակի հնարավորություններ ենք փնտրում. ինդոնեզիացի բիզնեսմենները կարող են այստեղ նոր շուկա գտնել: Հայ բիզնեսմենները եւս կարող են Ինդոնեզիա գալ, եւ 252-միլիոնանոց ինդոնեզիացի ժողովուրդը կարող է հայկական արտադրանքի համար պոտենցիալ շուկա դառնալ: Եվ երկրորդ` մենք ցանկանում ենք համագործակցությունը զարգացնել կրթության եւ մշակույթի ոլորտներում: Անցյալ տարի Երեւանի պետական համալսարանի եւ Ինդոնեզիայի համալսարանի միջեւ փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրվել: Արդյունքում` 2 հայ ուսանողներ հնարավորություն կունենան Ինդոնեզիայում սովորել այն ծրագրով, որով նախատեսվում է աստիճանի տրամադրում: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի ավելի շատ հնարավորություններ կունենանք: Եվ Ինդոնեզիայի ուսանողները նույնպես հնարավորություն կունենան գալ եւ այստեղ սովորել:

Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է Երեւանից Ջակարտա ուղիղ չվերթ բացելու հավանականությունը: Այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջեւ արդյոք բանակցություններ վարվո՞ւմ են:

Ես այս գաղափարը քննարկել եմ Հայաստանի ԱԳ նախարարության Ասիայի երկրների հարցերով վարչության ղեկավարի հետ: Սա շատ լավ գաղափար է: Մենք կարող ենք բանակցություններ սկսել Երեւանից Ջակարտա կամ Երեւանից Բալի կղզի, որը զբոսաշրջային հրաշալի ուղղություն է, ուղիղ չվերթ բացելու շուրջ: Մենք այս հարցը կքննարկենք մեր Տրանսպորտի նախարարության հետ: Սա 2 երկրների համար էլ եկամտաբեր կլինի: Եվ մենք հույս ունենք, որ Հայաստանը ինդոնեզիացիների համար վիզաները կչեղարկի, որոնք ցանկանում են ձեր երկիր այցելել: Ինդոնեզիացիները Հայաստանի համար տուրիստական շատ մեծ շուկա են: Ինդոնեզիայի մուսուլման ժողովրդին կհետաքրքրի Երեւանում Կապույտ մզկիթ այցելությունը, որը 18-րդ դարի ամենագեղեցիկ պատմական հուշարձաններից մեկն է: Կապույտ մզկիթը Ինդոնեզիայի համար կարող է դառնալ համաշխարհային տուրիստական ուղղություններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ