News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 26-ին Հայաստանում նշվեց Ավիացիայի օրը եւ ՌՕՈւ-ի կազմավորման 25-ամյակը: Այս առիթով Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում եւ ավիացիոն շոու (ֆոտոռեպորտաժ):

Հիշարժան տարեթվի առիթով միջոցառման հյուրերին ողջունեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն ընդգծեց Հայրենիքի օդային սահմանների պաշտպանության գործում ռազմական ավիացիայի կարեւորությունը: Հանդիսավոր ելույթներից եւ պարգեւներ հանձնելու արարողությունից հետո ցանկացողները կարող էին ծանոթանալ Հայաստանի սպառազինության ռազմական ավիացիոն տեխնիկայի եւ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի ռազմական տեխնիկայի նմուշներին. «ՄիԳ 29» ճակատային կործանիչ, «Սու 25» գրոհային, «Լ 39» ուսումնամարզական օդանավ, ուսումնական «Յակ 52», «Մի 8» եւ «Մի 24» ուղղաթիռներ, հայրենական արտադրության անօդաչուներ:

Այնուհետեւ տեղի ունեցավ երեխաների հիացմունքը հարուցած ավիացիոն շոու` ուղղաթիռների, ուսումնամարզական օդանավերի եւ «Սու 25» գրոհայինի մասնակցությամբ:

Բարձրագույն պիլոտաժի պատկերներ` հագույցներ, տակառներ, ութեր, ցուցադրեցին փոխգնդապետ Արթուր Հակոբյանը` «Յակ 52»-ով եւ փոխգնադապետ Հարություն Զաքարյանը` «Լ 39»-ով: Կապույտ եւ դեղին ներկված «Լ 39»-երը նման էին Արարատի ֆոնին թռչող «կրետների»:

Վեց գրոհայիններից կազմված օղակը, գնդապետ Արմեն Ներսիսյանի ղեկավարությամբ, նմանակեց օդանավակայանի գրոհ: Այնուհետեւ զույգերի բաժանված` ցուցադրեցին «ռմբակոծություն», օդանավակայանի վրա ցածրադիր թռիչք եւ վայրէջքի նմանակում: Պիլոտաժի պատկերները կատարեցին գնդապետ Արմեն Ներսիսյանը եւ փոխգնդապետ Արմեն Բաբայանը:

Ավիաշոուն ավարտվեց դեսանտի իջեցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ