News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ընդհանուր առմամբ 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարիքներն ավելի լավ բավարարելու նպատակով:

Ծրագրի շնորհիվ հայկական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման թեմատիկ դասընթացների եւ համալսարանական հավաստագրային ծրագր ուսանել հասարակական կազմակերպությունների կառավարում՝, ինչպես նաեւ օգտվել անվճար տրամադրվող խորհրդատվություններից եւ դիմել փոքր դրամաշնորհների:

«Որպես խոշորագույն համահայկական կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն հանձն է առել նպաստելու Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դարձնելով այն առավել ճկուն, կայուն եւ ազդեցիկ», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Որպես ծրագրի իրականացման առաջին եւ հիմնական քայլ՝ «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրն անցկացրել է կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, սպորտի, երիտասարդության ու գենդերային հարցերի ոլորտներում գործող ավելի քան 200 հայկական ՔՀԿ-ների եւ փորձագետների մասնագիտական կարիքների գնահատում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ հայաստանյան ՔՀԿ-ները ցանկանում են դառնալ առավել արհեստավարժ` համարելով, որ գործընկերների միջեւ փոխանակումը, խորհրդատվությունները եւ ուղղորդումը (քոուչինգ) ամենաարդյունավետ եղանակներից են իրենց կարողությունները բարելավելու համար: ՔՀԿ-ների մեծամասնությունը նաեւ կարեւորում է սոցիալական ձեռներեցությունը՝ որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց եւ փնտրում ավելի շատ հնարավորություններ ձեւավորելու ցանցեր եւ կոնսորցիումներ՝ փորձի փոխանակման ու միեւնույն ոլորտում աշխատող օտարերկրյա կազմակերպությունների հետ կապերի ստեղծման նպատակով:

Ծրագրի յուրահատուկ բաղադրիչն է սփյուռքի տաղանդի, գիտելիքների եւ ներուժի ներգրավումը Հայաստանի հանրային հատվածի զարգացման գործում:

«Սփյուռքահայության փորձառությունը Հայաստանի հանրային ոլորտ բերելը փոխշահավետ է բոլորի համար», -ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր ծրագրի միջոցով ցանկացած որակավորված անձ կարող է հանդես գալ որպես անվճար խորհրդատու, դառնալ տեղական կազմակերպության խորհրդի անդամ, անցկացնել որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ աշխատաժողովներ եւ դառնալ հասարակական կազմակերպության ծրագրի աջակից՝ այդպիսով նպաստելով սփյուռքի ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացման գործում», - ասաց «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

ՀԲԸՄ Հայաստանի եւ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից համատեղ կառավարվող Together4Armenia.am առցանց հարթակը տեղական ՔՀԿ-ներին հնարավորություն կտա օգտվել սփյուռքի փորձագետների գիտելիքներից եւ փորձառությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ