News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում գահաժառանգ արքայազնի փոփոխությունը մեծ հաշվով մեծ սպառնալիքներ չի պարունակում Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի պետական համալսարանի կաֆեդրայի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը։

Փաստորեն, նրա խոսքով, երկրի ղեկավարությունը մինչ այդ էլ կենտրոնացած է եղել Մուհամեդ բեն Սալմանի ձեռքերում , մասնավորապես մի շարք ուժային կառույցներ։ «Ոչ այդքան բացահայտ, բայց երկիրը նա էր կառավարում ու հիմնական բանակցողները նրա հետ էին բանակցում։ Այդ տեսակետից Սաուդյան Արաբիայի քաղաքականությունում շատ կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Նա կհետեւի իր շահերին ու բնականաբար Իրանը կդիտարկի որպես տարածաշրջանային մրցակից»,- նշեց Հայկ Քոչարյանը։ Այդ համատեքստում, շարունակեց նա, Սաուդյան Արաբիան փորձում է հակակշիռ ստեղծել ու գերիշխող դեր զբաղեցնել ոչ միայն Պարսից ծոցում այլեւ ընդհանուր Մերձավոր արեւելքում։ «Այստեղ Սաուդյան Արաբիայի շահերը բախվում են նաեւ Թուրքիայի ու Եգիպտոսի հետ։ Տարածաշրջանում լարվածությունը արդեն մեծ է ու աստիճանաբար կարող է բարձրանալ»,- շեշտել է Հայկ Քոչարյանը։

Այն հարցին, արդյոք Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ պատերազմի հավանականություն կա, արաբագետը պատասխանեց․  «Բաց պատերազմ կամ բախում այս փուլում դժվար թե լինի։ Երկու երկրներն էլ հասկանում են, թե ինչ է նշանակում պատերազմը։ Բայց պրոկսի- բախումներ Մերձավոր արեւելքում, սկսած Եմենից մինչեւ Սիրիա, կշարունակվեն։ Ու եթե մինչ այդ ամեն ինչ այդքան բացահայտ չէր արվում, ապա այս փուլում որոշակի գործողությունները ավելի բաց կլինեն։ Այդուհանդերձ, դեռ նշաններ չկան, բաց պատերազմի մասին խոսելու համար»

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի փոփոխությոնից Հայաստանի անվտանգության համար բխող հնարավոր սպառնալիքներին, արաբագետը նկատել է «Դժվար է խոսել անմիջական սպառնալիքների մասին, բայց անուղղակիորեն՝ տարածաշրջանում լարվածոթյունն իհարկե անցանկալի է։ Օրինակ եթե հարեւան բարեկամական Իրանը թիրախ դառնա, դա կարող է ազդել նաեւ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի վրա»։ Բայց մեծ հաշվով, հավելել է Հայկ Քոչարյանը, գահաժառանգ արքայազնի փոփոխությունը Հայաստանի համար մեծ սպառնալիքներ չի պարունակում։ Արաբագետի համոզմամբ, անհրաժեշտ է լրացնել բաց թողածը՝ Սաուդյան Արաբիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության տեսակետից։

Հիշեցնենք, որ գահաժառանգ արքայազնի փոփոխության հետեւանքով տիտղոսը Մուհամեդ բեն Նաիդից անցել է 31-ամյա Մուհամեդ բեն Սալմանին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ