News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտը մշակույթի նախարարությանը ներկայացրել է 33 հայտ՝ այս սեզոնին պեղումներ իրականացնելու համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Նրա խոսքով, իրենք խնդրում են թույլատվություն տարբեր ժամանակաշրջանի 33 հնագիտական հուշարձանների հետազոտության համար, ընդ որում այդ պեղումները տարբեր նպատակներ են հետապնդում։ Պեղումների հիմնական բլոկը ինստիտուտի բազային գիտական հետազոտություններն են։ Կան պեղումներ, որոնք իրականացվում են հուշարձանները փրկելու նպատակով։ Պեղումների մի մասն էլ իրականացվում է հուշարձանների վերականգնման շրջանակում։

Ինստիտուտի գիտական ծրագրերի շրջանակում իրականացվում են քարեդարի ու բրոնզե դարի հուշարձանների մեծաքանակ հետազոտություններ։ «Վերջին տարիներին մեզ մոտ կուտակվել են նոր տեղեկություններ Հայկական լեռնաշխարհի բնակության սկզբնական փուլերի մասին, առաջացել են նոր հարցեր, ու մեր պեղումները ուղղված են այդ հարցերի պատասխանները գտնելուն»,- ասել է նա։

Այս սեզոնին աշխատանքները կշարունակվեն հետեւյալ վայրերում։

Նոր Գեղի

Այդ հուշարձանի պեղումները, որը գտնվում է Հրազդան գետի լողավազանում, 2017-ին կավարտվեն, հայտնել է Պավել Ավետիսյանը։ «Սա այն նշանավոր հուշարձանն է, որը մեզ նոր տեղեկություններ է տվել Homo erectus-ի տարածման մասին։ Այնտեղ հայտնաբերված բազմաթիվ գտածոները պահանջում են մանրակրկիտ լաբորատոր հետազոտություններ»,- ասել է նա։

Հատիս

Դեռ անցած դարի 70-80-ականներին Կոտայքի սարահարթում, Հատիս լեռան լանջերին իրականացվել են ստուգողական հետազոտություններ ու այնտեղ հայտնաբերվել են շատ հետաքրքիր նյութեր։ «Մենք ուզում ենք շարունակել այդ հետազոտությունները։ Այդ հուշարձանը վերաբերում է վաղ պալեոլիթին»,- ասել է ինստիտուտի տնօրենը։

Հաղթանակ 3

Սա Հայաստանի տարածքում ամենահին հուշարձաններից մեկն է, որը վերաբերում է քարեդարի ժամանակաշրջանին։ Այն գտնվում է Դեբետ գետի լողավազանում։ Այստեղ մարդիկ շարունակել են բնակվել նաեւ ավելի ուշ ժամանակաշրջանում՝ այնտեղ կան էնեոլիթի, բրոնզե դարի, միջին դարերի շերտեր ։ «Այս հուշարձանի վերին շերտերը քանդված են, քանի որ տարածքն օգտագործվում էր հողագործության համար, բայց մենք իջնում ենք խորը, բազալտե պլաստներին, ու այնտեղ մենք գտնում են մարդու հետքեր։ Մենք մտադիր ենք ընդլայնել աշխատանքների մակերեսը, որպեսզի բացահայտենք ամբողջական պատկերը ու կարողանանք մեկնաբանել այն»,- ասել է Պավել Ավետիսյանը

Այրում

Այդ հուշարձանը նույնպես գտնվում է Դեբետ գետի լողավազանում ու այն վտանգված է սողանքների պատճառով։ Այստեղ իրականացվելու են բրոնզեդարի հուշարձանի փրկման աշխատանքներ։

Աղիտու 3 քարանձավ 

Սա արդեն Որոտան գետի լողավազանն է Սյունիքի մարզում։ Սա Հայաստանի միակ ուսումնասիրված ու թվագրված շերտերով հուշարձանն է որը վկայում է այստեղ, Հայկական լեռնաշխարհի այս մասում մեր անմիջական նախնիի՝ Homo Sapience-ի հայտնվելու մասին։ «Արաքս գետից հյուսիս գտնվող տարածքներում վերին պալեոլիթի դարաշրջանի այլ թվագրված հուշարձաններ մենք չունենք։ Աղիտուում մենք բացել ենք շերտեր, որոնց տարիքը 20 000-ից 40 000- ի է հասնում։ Տվյալ հուշարձանը ուսումնասիրելուց հետո առաջին անգամ մենք կկարողանանք համակարգված նկարագրել այն աշխարհը, որում ապրել է Homo Sapience-ը»,- ասել է հնագետը։

Քարանձավից վեր՝ բլրի վրա կա ամրոց, որն օգտագործվում էր հին ու միջնադարյան ժամանակաշրջաններում։ Այնտեղ նույնպես կիրականացվեն պեղումներ, քանի որ այդ հուշարձանը գտնվում է առեւտրային ուղիների վրա։ Ենթադրվում է, որ այն կարող է նոր տեղեկություններ տալ մետաքսե ճանապարհի մասին։

Քալավան

Սա արդեն Բարեպատ գետի հովիտն է Գեղարքունիքի մարզում։ Սա ուշ պալեոլիթի հուշարձան է, 16000-ից 20 000 տարեկան։ «Այս ունիկալ հուշարձանը ցույց է տալիս Homo Sapience-ի տեղաշարժը, քարանձավներից նրա դուրս գալն ու բաց տարածքներում բնակություն հաստատելը։ Մենք արդեն պատկերացում ունենք, թե որտեղ են նրանք ապրել, որտեղ են պահել որսը, որտեղ են ուտելիք պատրաստել (պահպանվել են օջախները) ու որտեղ են պատրաստել աշխատանքի գործիքները։ Դա այն ժամանակն է, երբ մարդը բնակության մշտական վայր չուներ՝ նա տեղաշարժվում էր իր բիոռեսուրսի՝ կենդանիների հետեւից, որոնց որսում էր»,- պատմել է Պավել Ավետիսյանը։

Ակնաշեն 

Ինստիտուտի մեկ այլ գիտական ուղղություն է վաղ երկրագործական համայնքների մասին տվյալներ հավաքելը։ Խոսքը Ք․ ա 7-4 հազարամյակների մասին է։ «Արաքս գետից հյուսիս գտնվող տարածքներում մենք տեսնում ենք առաջին հողագործների առաջին բնակավայրերը։ Ակնաշենը այդ ժամանակաշրջանի առավել խոշոր բնակավայրն է»,- ասել է տնօրենը

Մասիս բլուր

Այս հուշարձանը գտնվում է Երեւան ու Մասիս քաղաքների միջեւ ու շատ վտանգված է։ «Այս հուշարձանը նույն տարիքն ունի, ինչ Ակնաշենը, գուցե նույնիսկ ավելի հին է։ Այնտեղ առաջ աշխատում էր հայ- ամերիկյան գիտարշավ, հետո մենք հուշարձանը փակել ենք, հիմա ծրագրեր կան 2018-ին շարունակել պեղումները ու այն պետք է նորից պատրաստել պեղումներին»,- ասել է Պավել Ավետիսյանը

Լեռնագոգ

Նեոլիթի դարաշրջանին պատկանող այս հին բնակավայրը Արմավիրի մարզում է գտնվում, Մաստարա գետի հովտում։ Պավել Ավետիսյանի խոսքով, Հայաստանի տարածքում նստակյաց բնակավայրերի մասին ամենահին վկայությունները վերաբերում են Ք․ ա 7-րդ հազարամյակի վերջին ու 6-րդ հազարամյակի սկզբին։ Հայկական լեռնաշխարհի հարավ- արեւմուտքում, ժամանակակից Թուրքիայի տարածքում, կան բնակավայրեր, որոնք Ք․ ա 9-11 հազարամյակներին են պատկանում։ Հարց է ծագում՝ կա՞ն այդ դարաշրջանի բնակավայրեր նաեւ Արաքսից հյուսիս։ Լեռնագոգում հայտնաբերվել են նյութեր, որոնք վերաբերում են ավելի վաղ դարաշրջանի, 8-րդ հազարամյակին։ Այսինքն ամենայն հավանականությամբ, Հայկական լեռնաշխարհի այդ մասում այդ ժամանակներում նույնպես եղել են առաջին երկրագործների բնակավայրեր։ Իսկ շուրջը դեռ ապրում էին որսորդներ։ «Մենք ուզում ենք վերստեղծել պատկերը՝ ինչպես է լեռնաշխարհը բնակեցվել առաջին երկրագործներով ու անասնապահներով»,- ասել է նա։

Գետհովիտ

Տավուշի մարզում գտնվող այս քարանձավում կան շերտեր, որոնք վերաբերում են թե միջին դարերին, թե էնեոլիթին, նեոլիթին ու վերին պալեոլիթին։

Արագած ծրագիր 

Տվյալ ծրագրի շրջանակում պեղումներ են արվելու Գեղարոտում ու Ապարանում։ Ապարանում, մասնավորապես, ամրոցի մոտ ավազե հանք կա ու այդտեղ գտնվող բրոնզեդարյան դամբարանի վրա անընդհատ ավազ է լցվում։ Պեղումներն իրականացվելու են դամբարանը փրկելու համար։

Գեղարոտում կան թե վաղ, թե ուշ բրոնզեդարի շերտեր։

Կարնուտ

Այդ գյուղում հնագիտական հուշարձանները գտնվում են ճանապարհների տակ, մարդկանց տնամերձ հողատարածքների, նրանց տների տակ։ Դրանք վաղ բրոնզեդարյան գերեզմանափոսեր են։ «Մի հետաքրքիր բան կա՝ Հայաստանում շատ են վաղ բրոնզեդարյան դամբարանները։ Ընդ որում դրանք վաղ բրոնզեդարի սկզբնական փուլին են պատկանում։ Իսկ մեր գտած բնակավայրերը վերաբերում են վաղ բրոնզեդարի վերջին փուլին։ Կարնուտում մենք վերջապես հետազոտելու ենք գերեզմաններ, որոնք պատկանում են վաղ բրոնզեդարի վերջին փուլին ու դա շատ հետաքրքիր դարաշրջան է, քուռ- արաքսյան կամ շենգավիթյան մշակույթի էքսպանսիայի դարաշրջանը, երբ այն տարածվել է ամբողջ Ասիայում։ Հայկական նյութերը, որոնք վերաբերում են այդ դարաշրջանին, շատ կարեւոր են»,- նշել է Պավել Ավետիսյանը

Քարաշամբ 

Այս եզակի դամբարանադաշտում աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի ։ 700 մաքրված գերեզմաններից մոտ 500-ը արդեն բացվել են ու ուսումնասիրվել։ Այստեղ նույնպես բազմաթիվ գերեզմաններ գտնվում են գյուղի տարածքում ու դրանք վտանգված են։ Եթե պետությունը չիրկանացնի Քարաշամբը թանգարան դարձնելու ծրագիրը, ապա հուշարձանին տխուր ճակատագիր է սպասում, համարում է Պավել Ավետիսյանը

Մարգահովիտ

Այս հուշարձանը հետաքրքիր է հին բրոնզի արտադրության ուսումնասիրության տեսակետից։ Այն գտնվում է Սարիսոպ բլրի վրա՝ Վանաձորի մոտ, Լոռվա մարզում, պղնձի հանքավայրերի հարեւանությամբ։ Պավել Ավետիսյանի խոսքով կան վկայություններ, որ Ք․ա 3-րդ հազարամյակում այստեղ զարգացել է «հանքարդյունաբերությունը»։

Վիշապաքարեր 

Շարունակվում են պեղումները Արագած լեռան լանջին Տիրինկատար տեղանքում։ «Սա եզակի նախագիծ է։ Հնագետները ոչ միայն նոր վիշապաքարեր են գտնում, ոչ միայն գտնում են այն վայրերը, որտեղ դրանք ի սկզբանե տեղադրված են եղել, այլեւ փորձում են բացատրել, թե ինչ համատեքստում են դրանք տեղադրվել։ Իրականացվել է հսկայական գիտական աշխատանք, հավաքվել են այս հուշարձանների մասին բոլոր հնարավոր հետազոտությունները, բոլոր հոդվածները ՝ սկսած 19-րդ դարից, որպեսզի հասկանանք, թե ինչ իմաստ են այդ հուշարձանների մեջ դրել գիտնականները, գրողները, սովորական մարդիկ, որոնք դրանք տեղափոխում էին հեռու տեղեր, որպեսզի իրենց տան մոտ տեղադրեն, կամ էլ որպես տապանաքար օգտագործեն»,- ասել է նա։

Արտենի 

Պավել Ավետիսյանը պարզաբանեց, որ նման հուշարձանների հետազոտությունը Հայաստանում վերջերս է սկսվել՝ երեք տարի առաջ։ Խոսքն այսպես կոչված kite-ի (օդային օձ) եւ  jellyfish-ի (մեդուզա) մասին է։ kite-երը երկու երկար պատեր են, որոնք իրար միանում են աշտարակներ ունեցող կլորավուն շինությամբ։ ենթադրվում է, որ որսորդության ժամանակ այնտեղ էին քշում կենդանիներին։ Նման kite-եր ժամանակին հայտնաբերվել են նաեւ Մերձավոր Արեւելքում, ընդ որում դրանք օդաչուներն են նկատել։ Հայաստանում kite-եր հայտնաբերվել են Արագած լեռան լանջերին ու Գեղամա լեռներում։ Նման դարան որսատեղերի կողքին, որպես կանոն, լինում են փոքր կլորավուն բնակատեղիներ։ Կենտրոնից դեպի պարիսպ դրանք ճառագայթաձեւ բաժանված են հատվածների։ Վերեւից դրանք անիվի կամ էլ մեդուզայի են նման, դրա համար էլ անվանվում են անիվ-բնակատեղի կամ jellyfish։ Հայաստանում մոտ 80 դարան որսատեղի ու տասնյակ jellyfish բնակատեղիներ են հայտնաբերվել ու դրանցից մեկը Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտ է, որտեղ հիմա պեղումներ են իրականացվում։ Այնտեղ արդեն գտել են ուշ ու միջին բրոնզե դարերին պատկանող շերտեր։ «Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա։ Հայկական լեռնաշղթայի այս մասերում, Արաքս գետի լողավազանում, մենք ունենք հարյուրավոր գերեզմաններ, որոնք Ք․ ա երրորդ հազարամյակի վերջով ու երկրորդ հազարամյակի առաջին քարորդով են թվագրված, բայց բնակավայրեր չունենք»,- ասել է Պավել Ավետիսյանը, հավելելով, որ հնարավոր է հենց այդ jellyfish-երն են մարդկանց ժամանակավոր կացարաններ ծառայել, որոնք պարբերաբար տեղից տեղ էին տեղափոխվում արոտավայր որոնելու համար։

Թեղուտ

Սա Թեղուտ հանքի մշակման վայրում հնագիտական հուշարձանների ուսումնասիրության ծրագիր է։ Այդ հետազոտությունները իրականացվում են հանքը շահագործող ընկերության միջոցներով։

Հուշարձաննների մեկ այլ կարեւոր խումբ, որտեղ իրականացվում են հետազոտություններ, Ուրարտուական կամ էլ Վանի թագավորության դարաշրջանի հուշարձաններն են։ Աշխատանքները իրականացվելու են Արգիշտիխինիլիում, Արամուսում ու Սոլակ-1-ում։

Արգիշտիխինիլի

Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի մոտ։ Այստեղ իրականացվելու են փրկարարական պեղումներ։ Արգիշտիխինիլի հին քաղաքի տարածքում 7-8 գյուղ կա։ Ամրոցային կառույցները բլուրների վրա պահպանվել են, բայց քաղաքային թաղամասերն ու դամբարանադաշտը գտնվում են գյուղերի տակ, որտեղ մարդիկ են ապրում։ Արգիշտիխինիլիում աշխատանքների նպատակն է փրկել հնարավորինս շատ հնագիտական նյութ, քանի դեռ հուշարձանը վերջնականապես չի ոչնչացել։

Սոլակ 1

Սոլակ 1-ում՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի շրջակայքում, պեղումներն արդեն երեք տարի շարունակվում են։ «Այդ ամրոցի ներսում գիտնականները պեղել են պալատային համալիր, որը իր հատակագծով դասական ուրարտական կառույց է։ Սակայն շինարարական տեխնիկան ավելի շատ տեղականի է նման։ Բացի դրանից, օգտագործվել է տեղական շինարարական նյութ։ Այստեղ մենք, ամենայն հավանականությամբ, ունենք պալատական շինարարության ու տեղական ավանդույթների ստանդարտների միաձուլում»,- ասել է Պավել Ավետիսյանը։

Արամուս

Սա բազմաշերտ հուշարձան է, որն ունի մինչուրարտական, ուրարտական ու հետուրարտական շերտեր։ Սա միակ գիտարշավն է, որտեղ գործում է ամառային դպրոց, այսինքն պեղումներն իրականացվում են մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողների կողմից ՝ շատ փորձառու մասնագետների ղեկավարությամբ։

Արտաշատ 

Հայաստանի հին մայրաքաղաքի ավելի վաղ պեղումների ընթացքում բացվել է պալատական կամ տաճարային համալիր։ Այնտեղ դիտարկվում են մի քանի շինարարական փուլեր՝ Արտաշեսյանների դարաշրջանից ընդհուպ մինչեւ Սասանյան պետության դարաշրջան։ Եվ շերտերի հաջորդականության հարցն այստեղ դեռ վերջնականապես լուծված չէ։ «Ըստ էության, մենք դեռ չենք բացել շենքեր, որոնք կառուցվել են Արտաշեսի օրոք։ Բացել ենք Ք․ հ 2,3,4 դարերի շինություններ, բայց պետք է նայենք, թե դրանց տակ ինչ կա»,- ասել է նա

Տիգրանակերտ 

Կշարունակվեն պեղումները նաեւ Տիգրանակերտում։ Պավել Ավետիսյանի խոսքով բոլոր վերոնշյալ գիտարշավները ֆինանսավորում են ինստիտուտն ու արտասահմանյան գործընկերները, իսկ Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորում է Արցախի կառավարությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ