Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունն այսօր` հունիսի 27-ին, դեռ չի մեկնարկել, թեեւ պետք է սկսվեր ժամը 11-ին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հերթական անգամ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին թույլ տալ զննել իրենց եւ չմտան դահլիճ: Ներսես Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանն էլ բողոքեց, ու նույն պահին ուսադիրներով երեք անձինք մուտք գործեցին նիստերի դահլիճ առանց զննության:
Այսօր դատարան է եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Գործը քննում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ նիստը արտագնա է, ընթանում է Շենգավիթի դատարանում։