News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքի  բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով, տարբեր ներդրողներ պետք է թաղամասում շինարարություն իրականացնեն, բայց Ֆիրդուսի անօթեւան բնակիչներին այլ թաղամասերում բնակարաններ կտան:

«Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից եւ Բյուզանդից եւ մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված: Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, եւ իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը, սակայն խուսափեց հնչեցնել ներդրողների անունները:

Նախատեսվում է, որ շինարարությունը կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին:

Հարցին, թե տարածքից նախկինում վտարված եւ այսօր դեռեւս այնտեղ ապրող բնակիչների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, նա պատասխանեց. «Դուք ինձ էլի բնակիչներից եք հարց տալիս: Չեն մնա անտուն»:

Նարեկ Սարգսյանի խոսքով, այդ տարածքի բնակիչներին բնակարաններ կտան այդ վայրից շատ հեռու. «Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի, բայց…»:

Հիշեցմանը, որ թաղամասի բնակիչները նույն վայրում են բնակարան ուզում, առաջարկվող փոխհատուցումը համարժեք չեն համարում, Նարեկ Սարգսյանը սկսեց մեղադրել լրագրողներին. «Դուք պահանջում եք, ասում եք՝ ներդրում, ներդրում, ներդրողը գալիս է, դուք ներդրողին այսպես եք անում»:

Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչների մի մասը դեռեւս անօթեւան է, նրանք իրենց բողոքը հայտնել էին Սերժ Սարգսյանին, ինչից հետո հայտարարվեց, որ բնակիչների բնակարանային հարցին լուծում է տրվում: Նաեւ հայտարարվեց, որ Ֆիդուսում շինարարություն է մեկնարկելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ