ՀՀ պետական խորհրդանիշների փոփոխությունների հարցերով զբաղվող մասնագիտական հանձնաժողովն արդեն մեկ տարի է՝ ներկայացրել է իր աշխատանքը Մշակույթի նախարարություն, եւ արդեն ժամանակն է, որ կառավարությունը համապատասխան փոփոխություններ կատարի: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին հանձնաժողովի անդամներ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանը եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Վերջինս, ում ղեկավարած կառույցին Մշակույթի նախարարությունը հանձնարարել էր զինանշանի նոր տարբերակների մշակումը, հույս հայտնեց, որ նոր կառավարությունը դրանք կուղարկի ԱԺ՝ քննարկման եւ հաստատման՝ հավելելով, որ բոլոր երկրներն էլ ժամանակ առ ժամանակ վերանայում են պետական խորհրդանիշները: Աղամյանը ոչ թե հիմնովին փոխել, այլ այնպիսի ոճային փոփոխությունների է ենթարկել ՀՀ զինանշանը, որը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:
«Բացի այն, որ 1992թ. ապրիլի 12-ին հաստատված զինանշանում ի սկզբանե կար ոչ այնքան գրագետ լուծում, քանի որ հապճեպ արվեց, հետո հայտնվեցին տարբերակներ, որտեղ ծաղրանքի մոտեցմամբ միտումնավոր նշաններ ավելացան, օրինակ, թուրը նկարված է ջարդված, սա միտումնավոր չարություն է: Առյուծը եւ արծիվն էլ խղճուկ եւ լացակումած արտաքիններով են, որն ամոթ է: Քանի որ Սահմանադրության մեջ գրված է շղթա, հանել չենք կարող, ուստի իմ տարբերակում շղթայակապ թուրը ներկայացված է պատռված շղթայով եւ այլն»,- ասաց Աղամյանը եւ հավելեց, որ զինանշանի ժապավենի վրա աշխարհում ընդունված է ունենալ երկրի կարգախոս՝ առաջարկելով իր տարբերակները՝ «Միասնություն, ազգ, երկիր», «Միասնությունն է ստեղծում երկիր» եւ այլն: