News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կրթությունը մեր քաղաքակրթական անկախությունն ամրապնդելու բացառիկ շանսն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի եվրոպական եւ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելի եւ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թոմաս Շրափելի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը կարեւորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարեւորվող քաղաքացիական կրթությունը, որի հիմքում ընկած է ժողովրդավարության զարգացումը, առաջնահերթություն է Հայաստանի համար:  Ընդծելով, որ քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցական ծրագրերում ներառված է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, ԿԳ նախարարը կարեւորել է հիմնադրամի աջակցությունը այս հարցում «Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. սա մեզ համար պատմականորեն ձեւավորված քաղաքական եւ քաղաքակրթական համոզմունք է»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պատմականորեն գտնվելով քաղաքակրթությունների հատման խաչմերուկում, լինելով մահմեդական երկրներով շրջապատված քրիստոնյա երկիր, հասկացել է, որ հանդուրժողականությունն այլընտրանք չունի:

Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում եվրոպական կրթական մոդելի ներդրման ուղղությամբ կատարված բարեփոխումները՝ Լ. Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի կրթական պլատֆորմը բաց  եւ ներառական է տարբեր կրթական ծրագրերի համար. «Մենք համոզված ենք, որ կրթությունը մեր քաղաքակրթական անկախությունն ամրապնդելու բացառիկ շանսն է»,- ընդգծել է ԿԳ նախարարը:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի եվրոպական եւ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ  իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարեւոր գործընկեր եւ պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական եւ քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը:

Նշենք, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ներկայացված է 2008 թվականից եւ իր գործունեությամբ  նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացմանը: 2017թ. մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործում: Ձեւավորված համատեղ աշխատանքային խմբի կողմից հասարակագիտության առարկայի թեմաներին եւ չափորոշիչներին համապատասխանող ուսումնաօժանդակ ձեռնարկ է թողարկվելու, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվելուց հետո, կփորձարկվի մի քանի ավագ դպրոցներում եւ մեկ քոլեջում:

Տպել
Ամենաշատ