Լայնամասշտաբ պատերազմը չի լուծի Արցախի հարցը։ Այս մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Երբ ես ասում եմ, որ հակառակորդն անկանխատեսելի է, հենց դա նկատի ունեմ»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն, ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող են դառնալ արտաքին դիտորդին անտեսանելի պատճառներ։
«Ես գրեթե վստահ եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չպետք է լինի, քանի որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել հօգուտ Ադրբեջանի»,- ընդգծեց նախարարը։
Նա նաեւ ընդգծեց, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է Ադրբեջանին անդառնալի վնաս պատճառել։ «Ես նաեւ չեմ նվազեցնում վնասի մեծությունը, որը կարող է հասցվել Հայաստանին։ Մեկը մյուսին չի հակասում»,-նշեց Սարգսյանը։
Նախարարը կարծում է, որ լայնածավալ պատերազմի բացակայությունը չի բացառում տարբեր միջադեպերն ու սադրանքները։











