2017-ի առաջին եռամսյակում «Արցախփոստը» ստացել եւ բնակչությանն է տրամադրել 12 545 փաթեթ ու ծանրոց:
Արցախի էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ եթե փոստային ծառայություններով 2014թ. ընկերությունն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել եւ բնակչությանն է տրամադրել 22 հազար 672 փաթեթ եւ ծանրոց, 2015թ-ին՝ 26 հազար 400 փաթեթ եւ ծանրոց, 2016-ին 45 հազար 200 փաթեթ եւ ծանրոց, ապա 2017թ. միայն առաջին եռամսյակում դրա թիվը հասել է արդեն 12 հազար 545-ի:
Ընկերությունը հաջողություններ է գրանցել նաեւ նամականիշերի, գեղաթերթիկների, նամականիշերի թեմատիկ հավաքածուների, բուկլետների տպագրության գործում: «Արցախփոստ» ՓԲԸ-ն առաջին փոստային նամականիշները հրատարակվել է դեռեւս 1993թ. հունիսի 11-ին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը հրատարակել եւ աշխարհին է ներկայացրել 119 նամականիշ եւ գեղաթերթիկ: Միայն 2016 թ. նա թողարկել է 14 անուն-նամականիշ՝ 221 հազար ընդհանուր տպաքանակով եւ մեկ գեղաթերթիկ՝ 7 հազար տպաքանակով: Իսկ 2017-ին առաջին եռամսյակում արդեն հրատարակել է 4 թեմատիկայով 8 նամականիշ:
2017թ. ընկերության խոշոր հաջողություններից էր 30 000 անդամ ունեցող ամերիկյան ֆիլատելիստական ընկերության «AMERICAN PHILATELIST» ամսագրի 2017 թվականի մարտ ամսվա համարում Արցախի Հանրապետության ֆիլատելիայի բնագավառում անցած ճանապարհի եւ «Արցախփոստ» ընկերության պրոֆեսիոնալ գործունեության մասին «Լեռնային Ղարաբաղ» վերնագրով հոդվածի հրապարակումը: