News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի վճիռը:

Այսօր՝ հունիսի 29-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում հրապարակված դատավճռից լրագրողների հետ զրույցում Անի Զախարյանը կրկին պնդեց, որ ինքն անմեղ է, ապա հավելեց, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը Հայաստանյան ատյաններում, այնուհետեւ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Այս վճիռը չի կարող ինձ բավարարել: Թեեւ մեղմ ձեւով վերջնական գնահատական տրվեց, ես կարծում եմ, որ այն անձն եմ, որը Հայաստանի զարգացման եւ պետականության վերջին տարիների կայացման մեջ լուրջ լումա ունի: Իմ անձն ու տարիքը չեն հանդուրժում նման հեղինակազրկում եւ իմ պատվախնդրութան հարցն է, որ պետք է դիմեմ Վերաքննիչ, Վճռաբեկ, հետագայում էլ ՄԻԵԴ»,- ասաց Անի Զախարյանը:

Նշենք, որ այսօր դատավոր Արշակ Վարդանյանը վճռեց մեղավոր ճանաչել Զախարյանին եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, սակայն վճռեց պատիժը պայմանականորեն չկրել եւ սահմանեց երկու տարվա փորձաշրջան:

Մեղադրողը պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը՝ կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ