News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը եւ Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը: Այսօր՝ հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում եւ Երեւանում դեսպանատների հիմնումը նոր լիցք է հաղորդել համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոտոմե Տակիսավան ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության արժեքները կիսող Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ նպատակադրված են ընդլայնել դրանք:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում կարեւոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Նախարար Նալբանդյանը եւ նախարարի տեղակալ Տակիսավան կարեւորել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաեւ տարերային աղետների կանխարգելման եւ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Զրույցի ընթացքում կարեւորվել է առեւտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը, անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:

Զրուցակիցները քննարկել են ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ