Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այժմ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում են՝ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ահազանգով:

Լրագրողների հարցին` արդյոք տեսակցել են Գեւորգ Սաֆարայնին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին, ՄԻՊ աշխատակիցները նշեցին, որ տեսակցել են, սակայն, նշեցին, որ այս պահին նրանց վիճակի մասին մանրամասներ չեն կարող հաղորդել:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ Գեւորգ Սաֆարյանի մորը վստահեցրեց` Գեւորգ Սաֆարյանին ոչ ոք մատով չի կպել:

«Եթե պարզվի, որ Գեւորգ Սաֆարյանին որեւէ ոստիկան մատով կպել է, խոստանում եմ նույն չոպեին հեռանալ ոստիկանության համակարգից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ տեղեկացել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի խցում բռնի ուժ են կիրառել:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա չեն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանն ու Գեւորգ Սաֆարյանը, նրանց նկատմամաբ դատարանը նախորդ դատական նիստին դատական սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից. Սեֆիլյանը՝ 6 ժամով, Ներսես Պողսյանը 5 ժամով, իսկ Սաֆարյանը՝ 3 ժամով:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Սաֆարյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: