Հուլիսին կանխատեսվում է կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր օդի միջին ջերմաստիճան, որի պատճառը լինելու է Արաբական թերակղզուց Կովկաս արեւադարձային տաք հոսանքների հերթական ներթափանցումը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Օդերեւութաբանի խոսքով՝ հուլիսին Արարատում, Արմավիրում, Արագածոտնի լեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, ցերեկային ժամերին առանձին օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +39+41°-ի, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ +32+35°-ի, Գյումրիում՝ +37°-ի, Լոռիում՝ +32-36°-ի, Տaվուշում՝ +36-39°-ի (+39°-ը վերաբերում է Բերդին, Բագրատաշենին եւ հարակից շրջաններին), Սյունիքի հովտային գոտիներում՝ +39+41°-ի, նախալեռնային շրջաններում՝ +30+34-ի°, Երեւանում՝ +39+41 աստիճանի:

«Վաղվանից սկսած, մինչեւ հուլիսի 6-ը եւ 7-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում բացառապես սպասվում է առանց տեղումների  եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրանալ: Եթե այսօր Երեւանում կանխատեսվում է մինչեւ +35 աստիճան, վաղը Արարատյան դաշտում, Երեւանում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +36°-ի, հուլիսի 2-ին՝ +37°-ի, հուլիսի 3-ին՝ +38°-ի, հուլիսի 4-5-ին ջերմային ալիքը կհասնի պիկին՝ +39+40°, իսկ Արարատյան դաշտի, Երեւանի առանձին ցածրադիր հատվածնեորւմ չի բացառվում մինչեւ +41° տաքություն: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 7-9 աստիճանով»,- ասաց Սուրենյանը՝  հավելելով, որ այսպիսի բարձր ջերմային ֆոնը ստեղծելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի պահանջվում է հատկապես անտառային խոտածածկ վայրերում հրդեհներց խուսափելու համար հնարավորինս զգույշ լինել:  

Օդերեւութաբանը ՀՀ ազգաբնակչությանը կոչ արեց հատկապես ցերեկային ժամերին՝ 11-16-ը ընկած հատվածում, խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, օգտագործել շատ հեղուկ, որովհետեւ նույնիսկ  երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է +36+37°-ը, հասնում է մարմնի միջին ջերմաստիճանին, օրգանիզմը ընկնում է ջերմային ստրեսի մեջ:

Գագիկ Սուրենյանը նաեւ նշեց, որ հուլիսին եւ օգոստոսին ջերմային ալիքները պարբերաբար կրկնվելու են, բայց ազգաբնակչության մոտ թող այնպիսի կարծիք չստեղծվի, թե 60 օր անընդհատ լինելու է +39+41 աստիճան: «Կունենանք նաեւ ցուրտ ներխուժումներ, ջերմաստիճանի անկում, տեղումներ, քամու ուժգնացում, կլինեն օրեր, երբ Երեւանում ջերմաստիճանը կլինի, օրինակ, մինչեւ +30+31 աստիճան»,- ասաց օդերեւութաբանը: